Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապետական 4-րդ շաբաթօրյակի շրջանակում այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ
14.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ` հետևելու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 4-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:
Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` մարզպետը գոհունակությամբ փաստել է, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը մեզանում աստիճանաբար դառնում է իրականություն: Նա հորդորել է համայնքապետերին և դպրոցների տնօրեններին իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել համայնքի մաքրման աշխատանքները և բացառել աղբի կուտակումը:
«Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ եթե իր տունը մաքուր է պահում, ապա նույն կերպ պետք է վարվի ցանկացած վայրում: Հակառակ պարագայում պետք է գործադրվեն համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց վարքը և այլևս չաղտոտեն շրջակա միջավայրը»,- իր խոսքում նշել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս հետևել են համայնքներում իրականացվող մաքրման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:
Շաբաթօրյակի շրջանակում մարզ է այցելել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, շրջել Վաղարշապատի և Արմավիրի տարածաշրջանների մեծ թվով համայնքներում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Իրականացվող մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներին մասնակցել են մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:
Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների և առվեզրերի մաքրմանը: