Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը
17.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել դումայի նախագահի տեղակալներ Ալեքսանդր Լիվադչենկոն, Կոնստանտին Չերեմիսովը և աշխատակազմի ղեկավար Արթուր Շենկաոն:
Հանդիպմանը ներկա են գտվել նաև մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերի այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել մարզի վերաբերյալ` խոսելով նրա հիմնական առանձնահատկությունների, պատմական նկարագրի, զարգացման հեռանկարների և ընթացիկ հարցերի մասին:
Անդրադառնալով արտաքին կապերի ոլորտում հաստատված փոխհարաբերություններին` մարզպետը մասնավորապես ներկայացրել է Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Յարոսլավի, Վոլոգդայի մարզերի կառավարության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացված ձեռնարկները` ի նպաստ երկու ժողովուրդների դարերից եկող բարեկամության ամրապնդման և զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան նշել է, որ ցանկանում են փոխգործակցել Արմավիրի մարզի հետ: Կողմերի միջև հարաբերությունների ձևավորման նպատակով նա մարզպետ Աշոտ Ղահրամանյանին սույն թվականի դեկտեմբեր ամսին հրավիրել է մասնակցելու Մոսկվայի մարզային դումայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումանը, հանդիպելու մարզի կառավարությանն ու քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի շուրջ` հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը լավ սկիզբ կհանդիսանա հետագա համագործակցության համար:
Հավելենք, որ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ապա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: