Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը
21.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարերար Էֆրին Պաղի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
Հանրակրթական ուսումնական այս հաստատությունը հիմնադրվել է 1979 թվականին: Կրթօջախում այժմ սովորում է 355 աշակերտ, իսկ նախակրթարան հաճախող երեխաների թիվը հասնում է 30-ի:
Դպրոցում ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով 2012-13 թվականներին Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 3-րդ և 4-րդ ծրագրերով պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 107 մլն դրամի շրջանակում ամբողջությամբ փոխվել են պատուհանները, տանիքը և ներդրվել է ջեռուցման լոկալ համակարգ: Թուրքիայում բնակվող գործարար, ազգությամբ հայ Էֆրին Պաղի հովանավորությամբ էլ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնանորոգվել և ֆիզիկական դաստիարակության կազմակերպման համար լավագույն պայմաններով է ապահովվել դպրոցի մարզադահլիճը:
Կրթօջախում ծանոթանալով իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր է գնահատել բարերար Էֆրին Պաղի կողմից մարզում իրականացված հերթական ծրագիրը` այն որակելով Աստվածահաճո գործ` ի նպաստ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության:
Բաղրամյանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը վերանորոգելու, կահավորելու և պատանիների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման նպատակով հարմարավետ պայմաններ ստեղծելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագիր է հանձնել Էֆրին Պաղին` վստահեցնելով, որ նրա անունն ու բարի համբավը հավերժ կմնա ազգաբնակչության հիշողության մեջ:
Բաղրամյանի միջնակարգ դպրոցի աշխատակազմի և ծնողական խորհրդի կողմից էլ շնորհակալագիր է հանձնվել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն աջակցելու և դպրոցաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար:
Դպրոցի տնօրինության կողմից շնորհակալագրով են պարգևատրվել նաև բարերար Էֆրին Պաղը և մարզի կրթության ոլորտի պատասխանատու Գայանե Սայադյանը: