Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գագիկ Միրիջանյանի ողջույնի խոսքը ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

11.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզպետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը՝ նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին` ինձ վերապահված բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին` ինձ այս պատասխանատու պաշտոնին նշանակելու համար:

Երևի թե գիտեք, որ ես բժշկի ընտանիքից եմ, ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և մշտապես փորձել եմ կատարել ոչ միայն որպես բժշկի, այլև որպես մարդու իմ առջև դրված բոլոր պարտավորությունները:

Այժմ ինձ համար սկսվում է կյանքի կարևոր մի նոր փուլ, հնարավոր է` ամենակարևորն իմ կյանքում: Այս փուլն ինձանից կպահանջի մինչ օրս զբաղեցրած պաշտոնների արդյունքում կուտակած փորձի, գիտելիքների և ուժի կենտրոնացում:
Անկեղծ ասած, սա ինձ համար չափազանց պատասխանատու քայլ է:

Որպես Արմավիրի մարզպետ`իմ առջև դրված առաջին խնդիրը լինելու է մարդկանց կյանքի որակի և մակարդակի բարձրացումը: Սա կարևորագույն դիրքորոշում է ոչ միայն իմ, այլև իշխանության, կառավարման մարմինների համար:

Ոստի դիմելով իմ հարգելի գործընկերներին, մարզի սիրելի բնակիչներին`ցանկանում եմ ասել, որ մեր բոլորի նպատակների իրականացման ճանապարհին ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունն ու ողջամիտ վերաբերմունքը:

Միայն միասնական ուժերի ներդրման և քրտնաջան աշխատանքի արդյունքում կկարողանանք կերտել Արմավիրի մարզի լուսավոր ապագան: Զգալով ժամանակի զարկերակը՝ յուրաքանչյուրիդ հետ միասին մենք պետք է ապահովենք աշխատանքի նոր որակ, նոր գաղափարներ պետք է կյանքի կոչենք և նոր արագություն ու թափ հողորդենք մարզի զարգացմանը: Հավատացած եղեք, որ միասին մենք Արմավիրի մարզը կդարձնենք ժամանակակից և դինամիկ զարգացող:

Բոլորիդ վստահեցնում եմ, որ կփորձեմ անել հնարավորն ու անհնարինը` ձեր սպասումներն արդարացնելու համար: 

Հարգանքով`Գագիկ Միրիջանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49