Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին
12.06.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել նորանշանակ մարզպետին` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված գործակցային սերտ կապերը համատեղ նոր իրագործումներով էլ ավելի կարդյունավորվեն:
Այս առթիվ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է նաև մարզի տարածքում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի կողմից ծավալված գործունեությունը սոցիալական, կրթական և այլ ոլորտներում` մասնավորապես կարևոր նկատելով մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված ծրագրերը:
Այնուհետև իր տեսլականի մասին է խոսել Արմավիրի մարզպետը` Նորին Սրբությանը ներկայացնելով առաջնահերթ ծրագրերը: Գագիկ Միրիջանյանը կարևորել է տարբեր բնագավառներում գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:
Հանդիպման ավարտին, վերստին իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է ձեռքբերումներ և հաջողություններ` ի նպաստ Արմավիրի մարզի:
Աղբյուր` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ