Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի ԲԿ
15.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն, ներկա գտնվել «Մաշկաբանության և սեռավարակության» ԲԿ-ի և «Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման» հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինար-դասախոսությանը` կենտրոնի առաջատար պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով սեմինար-դասախոսության կազմակերպիչներին` մարզպետն իր խոսքում նշել է, որ առողջապահության ոլորտը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո, հանդիսանալու է իր աշխատանքային գործունեության գերակա ուղղություններից մեկը: «Ինձ համար կարևոր է բոլոր բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարելավումը: Մեծ ուշադրություն եմ դարձնելու կադրային հագեցվածությանը, փորձելու եմ ապահովել բարձր մասնագիտական որոկավորում, համբավ ունեցող բժիշկների այցելություն մարզի բժշկական կենտրոններ: Այդ այցերն ունենալու են կառուցողական բնույթ, և շեշտը հիմնականում դրվելու է փորձի փոխանակման վրա»,- ասել է Գագիկ Միրիջանյանը` ներկայացնելով առողջապահության բնագավառում իր նախատեսվող որոշ քայլերը:
Անդրադառնալով միջոցառման նպատակին և բովանդակությանը` նա նշել է, որ այն, ինչ ներկայացվելու է սեմինար-դասախոսության ընթացքում, այսօր բավականին ակտուալ է, և հույս է հայտնել, որ մարզից միջոցառմանը մասնակցող 200 բժիշկները կստանան բավականին լավ գիտելիքներ և այն կկիրառեն ազգաբնակչությանը համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու գործում:
Սեմինար-դասախոսությանը մասնակցելու և իրականացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Գագիկ Միրիջանյանին` «Մաշկաբանության և սեռավարակության» ԲԿ-ի տնօրեն Ռաֆիկ Սահակյանը նշել է, որ միջոցառման նպատակը շարունակական մասնագիտական զարգացում ապահովելը և տեղերում դերմատովեներոլոգիական ծառայությունները հնարավորինս բարձ որակով իրականացնելն է: Ըստ նրա` ներկայացվող թեմաները լայնածավալ են և կհետաքրքրեն բոլոր մասնագետներին:
Հավելենք, որ թեմայի շուրջ սեմինար-դասախոսություններ այսօր տեղի են ունենալու նաև Վաղարշապատի և Մեծամորի ԲԿ-ներում, իսկ դասախոսության ավարտից հետո ժամը 14:00-ից «Մաշկաբանության և սեռավարակության» ԲԿ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից իրականացվելու է հիվանդների ընդունելություն: