Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկուտից տուժած ևս երեք համայնք

21.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից տուժած Բերքաշատ, Շենավան և Գետաշեն համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասին:

Մարզպետի առաջին կանգառը եղել է Բերքաշատ համայնքը, որտեղ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի նախնական տվյալներով 50-80 տոկոսի չափով վնասվել է 150 հեկտար փաստացի մշակվող հողատարածք:

Բերքաշատում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ մարզպետն իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի հետ կապված՝ վստահեցնելով, որ չի եկել համայնք համոզելու, այլ եկել է լուծումներ գտնելու: «Ես տեղյակ եմ, որ հսկայական վարկեր ունեք և համոզված եղեք, որ պետությունը ձեզ հետ է, իսկ կառավարությունում հարցն արդեն բարձրացված է»,- նշել է մարզպետը՝ գյուղացիներից 10 օր ժամանակ խնդրելով՝ հարցին լուծում տալու համար:

Բերքաշատցիները մարզպետի հետ քննարկել են նաև դպրոցի ընդհանուր վիճակը, սահմանի ներսում գտնվող հողատարածքները մշակելու համար անցագրեր չտրամադրելու և օրավարձով աշխատողներ չգտնելու հարցերը: Մարզպետ Գագիկ Միրիջանյանը նրանց վստահեցրել է, որ բարձրաձայնված ընթացիկ հարցերի կարգավորումը կպահի իր ուշադրության կենտրոնում:

Մարզպետն այնուհետև այցելել է Շենավան և Գետաշեն համայնքներ: Շենավանում վնասի չափը այս պահին հասնում է 40-70 տոկոսի, իսկ վնասված հողատարածքը կազմում է 100 հեկտար: Գետաշենում էլ վնասվել է 90 հեկտար հողատարածք՝ 70-100 տոկոսի չափով: Կարկուտն այս համայնքներում ևս մեծ վնաս է հասցրել և պտղին, և բանջարբոստանային մշակաբույսերին:

Նշված համայնքներում կարկտահարությունից տուժած գյուղացիների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են վնասի հնարավոր փոխհատուցմանը վերաբերող հարցեր: Գագիկ Միրիջանյանն իր խոսքում ընդգծել է, որ կանի հնարավորը՝ գյուղացիների հոգսը թեթևացնելու համար. «Ես ձեր հետ եմ, ձեզանից մեկն եմ և պատրաստ եմ համայնքային բոլոր խնդիրներին իմ իրավասության սահմաններում օբյեկտիվ լուծումներ տալ»:

Վերը նշված համայնքներում անդրադարձ է եղել նաև հակակարկտային կայանների ոչ արդյունավետ գործունեությանը, որին ի պատասխան՝ մարզպետը վստահեցրել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն կայանների թիվն ավելացնելու և գործարկման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:38:47