Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
21.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել հերթական ընդունելություն, որին մասնակցել է նախապես գրանցված 76 քաղաքացի:
Քաղաքացիների ընդունելությունից առաջ մարզպետը հանդիպում է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակ Արմավիրի մարզից զոհված 7 զինվորի ծնողների հետ: Ողջունելով զոհվածների ծնողներին՝ Գագիկ Միրիջանյանն իր մշտական աջակցությունն է հայտնել բոլորին՝ վստահեցնելով, որ պատրաստ է լսելու նրանց մտահոգություններն ու ընդառաջելու առկա խնդիրների լուծմանը. «Ձեր քաջ որդիների շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք այս խաղաղությունը և կարողանում ենք հասնել հաջողության: Ձեր տղաների սխրանքն անգնահատելի է: Մենք բոլորս խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև: Փառք ու պատիվ ձեզ և ձեր զավակներին»:
Այնուհետև մարզպետն ընդունել է քաղաքացիներին, որոնց հիմնական հարցերը վերաբերվել են աշխատանքի տեղավորման միջնորդությանը և դրամական օգնության տրամադրմանը: Քաղաքացիները դիմել են նաև առողջական խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, գազաֆիկացման, խմելու ջրագծի անցկացման, գրքի տպագրության, ինչպես նաև մարզպետարանի հետ համագործակցության վերաբերյալ:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը Գագիկ Միրիջանյանը քննարկել է ընդունելությանը ներկա գտնվող մարզպետարանի աշխատակիցների հետ՝ տալով համապատասխան պարզաբանումներ և լուծումներ: Նա բոլորին վստահեցրել է, որ միշտ պատրաստ է լսելու իրենց և ընդառաջելու իր իրավասության տիրույթում գտնվող խնդիրների լուծմանը: