Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճանաչողական այցով եղել է Բաղրամյանի տարածաշրջանի բոլոր համայնքներում
26.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ավարտել է Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներում նախատեսված ճանաչողական այցերը: Մարզպետի հետ համայնքներ են այցելել նաև մարզպետարանի աշխատակազմի տարբեր ոլորտներ ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումերի աշխատակիցներ:
Համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համայնքապետերը Գագիկ Միրիջանյանին տեղեկություն են ներկայացրել իրենց բնակավայրի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձել են ենթակառուցվածքների ընդհանուր վիճակին, տնտեսությունների թվին և զբաղվածությանը: Ներկայացվել են նաև հրատապ լուծում պահանջող խնդիրները: Անձնական բնույթի և ներհամայնքային հարցերով մարզպետին դիմել են նաև բնակիչները:
Համայնքներում առկա գլոբալ խնդիրների շարքում առանձնացվել է ճանապարհաշինությունը, գազաֆիկացումը, ոռոգման համակարգերի արդիականացումն ու սակագների վերանայումը, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացումը, հողային հարաբերություններում առկա խնդիրների կարգավորումը: Հանդիպումների ժամանակ մարզպետին դիմել են նաև բերքի իրացման, միջհամայնքային երթուղիների ապահովման, խմելաջրի հարցի կարգավորման խնդրանքով:
Լսելով համայնքապետերի, բնակիչների կողմից բարձրաձայնված հարցերը և դրանց առնչությամբ պարզաբանումներ ստանալով մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներից՝ Գագիկ Միրիջանյանը վստահեցրել է, որ իր իրավասությունների սահմաններում անելու է առավելագույնը՝ համայնքներում առկա հրատապ և ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար. «Ես ձեզ խոստանում եմ, որ պայմաններ ենք ստեղծելու գյուղացու սոցիալական վիճակը բարելավելու, սեփական հոգսերը հոգալու հնարավորություն ապահովելու և առկա դժգոհությունները մեղմելու համար»:
Հանդիպումնեի ընթացքում Գագիկ Միրիջանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակի վրա՝ հորդորելով նրանց ապահովել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը: Նա անդրադարձել է նաև ոռոգման ջրի սակագնի նվազեցման հարցին՝ տեղեկացնելով, որ այն գտնվում է կառավարության օրակարգում, և հույս հայտնել, որ դրական լուծում կստանա:
Համայնքներ կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև դպրոցների, մանկապարտեզների, բուժամբուլատորիաների շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Կարևորելով համայնքներում նախակրթական և հանրակրթական հաստատությունների դերը՝ Գագիկ Միրիջանյանն առաջնային է համարել դրանց պայմանների բարելավումը և ընդգծել, որ բացառելու է իր ղեկավարած մարզում դպրոցներ և մանկապարտեզներ փակելը, առանձին դեպքերում էլ՝ չգործելը:
Հավելենք, որ հանդիպումների ընթացքում բոլորն արտահայտել են իրենց դրական սպասումները նոր կառավարությունից և մարզային իշխանությունից՝ խնդրելով պահել հավատի և վստահության մթնոլորտը ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում: