Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուներին

27.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է մարզի վերամշակող ձեռնարկություններից 9-ի՝ ՄԱՊ գինու-կոնյակի, «Նոյան» հյութերի գործարանի, Պռոշյանի գինու կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի, «Իջևանի գինու գործարանի» Լեռնագոգի մթերման կետի, «Սարդարապատ ֆրուտի», «Ագրար Արմավիրի», «Գուրմանեի», «Ալվանի» և «Բարիքի» պատասխանատուներին:

Ողջունելով նրանց՝ մարզպետը ներկայացրել է ՀՀ կառավարության, պատկան գերատեսչությունների և անձամբ իր դիրքորոշումը գործարար միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի ընդլայնման և ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ ընդգծելով, որ արվելու է ամեն ինչ մրցակցային պայմաններ ստեղծելու, մենաշնորհները վերացնելու, և գործարարներին իրական աջակցություն ցուցաբերելու համար:

«Այս հանդիպմամբ ես համագործակցման ձեռք եմ մեկնում ձեզ և վստահեցնում եմ, որ մենք կաշխատենք կառուցողական միջավայրում՝ ի շահ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և ձեր բիզնեսի զարգացման»,- իր խոսքում նշել է մարզպետը՝ պատրաստակամություն հայտնելով անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր գործարարին հուզող հարցերին:

Գագիկ Միրիջանյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ոչ ավանդական մշակաբույսերի մշակման և վերամշակման կարևորությանը, ինչպես նաև մանկական և դիետիկ սննդի արտադրության կազմակերպմանը. «Մենք պետք է քայլենք շուկայի պահանջներին համահունչ և արտադրենք այն, ինչի պակասն իրականում զգացվում է»:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին հանդիպման համար՝ գործարարները նշել են, որ կողմերի համագործակցությունը բխում է և պետական, և մասնավոր հատվածի շահերից: Նրանք տեղեկացրել են, որ այս փուլում գլոբալ խնդիրներ չունեն, սակայն երբեմն գազի, հոսանքի և ճանապարհների հետ կապված ընթացիկ խոչընդոտների են հանդիպում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23