Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գագիկ Միրիջանյանի մոտ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող հարցեր
28.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Եսայի Նիկոյանին և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի նախագահ Բագրատ Եսայանին՝ գործընկերների հետ միասին:
Եսայի Նիկոյանը մարզպետին է ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանում այն մեկնարկել է 2010 թվականին՝ ՊՀԾ-ի և կրթական գերատեսչության կողմից: Ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Ըստ ՊՀԾ-ի հայստանյան գրասենյակի պատասխանատուի՝ ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարրական դպրոցներում սովորելու գործընթացը՝ հիմնվելով այն ապացուցված փաստի վրա, որ օրվա ընթացքում սննդարար կերակրի բարելավված և կանոնավոր հասանելիությունը նպաստում է երեխաների ճանաչողության զարգացմանը: Նրա խոսքով՝ 2018 թվականի դրությամբ ծրագիրը 566 դպրոցում ապահովում է տաք սննդարար կերակուր 60 հազար տարրական դասարանի երեխայի համար: Արմավիրի մարզից այժմ ծրագրում ընդգրկված է 57 դպրոց՝ 9000 աշակերտ-թվով:
Ողջունելով ծրագրի նպատակը և տարիների արդյունավետ գործունեությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ծրագրում ընդգրկված մարզի դպրոցների թվի ավելացմանը՝ շեշտը դնելով հեռու գյուղական համայնքներում գործող կրթօջախների վրա: Մարզպետը վստահեցրել է, որ առաջիկայում նախատեսվող դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը հարցը կքննարկի և կանի հնարավորը՝ ծրագրում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվն ավելացնելու համար: