Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
28.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 77 բնակիչ:
Ընդունելության գրանցված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են համապատասխան աշխատանքով ապահովելու և դրամական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև ոռոգման խնդրի լուծման, շենքի տանիքի վերանորոգման, սեփականաշնորհված բնակարանների սեփականության իրավունքի վկայականների ձեռքբերման, ինչպես նաև բանկային, կրթական, կենցաղային մի շարք խնդիրների վերաբերյալ:
Մարզպետն իր իրավասության տիրույթում գտնվող հարցերին տվել է համարժեք լուծումներ: Իսկ սուբյեկտիվ բնույթի և օրինականության շրջանակում լուծում չենթադրող հարցերի մասով էլ Գագիկ Միրիջանյանը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ՝ ընդգծելով. «Եթե ցանկանում ենք օրենքի երկիր ստեղծել, ապա որևէ հարց անօրինական ճանապարհով չի լուծվելու: Սա երկրի ղեկավարության կողմից տարվող քաղաքականությունն է և իմ որդեգրած դիրքորոշումը»:
Աշխատանքի ապահովման հարցով էլ դիմած քաղաքացիներին մարզպետ Գագիկ Միրիջանյանը հորդորել է հետևել մարզպետարանի պաշտոնական կայքում (http://armavir.mtad.am) և ֆեյսբուքյան էջում մարզպետարանում, մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությանը, և համապատասխան հաստիքը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում՝ դիմել տվյալ կառույցում կադրային քաղաքականությամբ զբաղվող պատասխանատու անձին:
Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն տեղի է ունենալու քաղաքացիների ընդունելություն: