Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գագիկ Միրիջանյանը հանդիպում է ունեցել մարզում գործող երկու հատուկ դպրոցների աշխատակիցների և ծնողների հետ

29.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում գործող Վաղարշապատի թիվ 2 և Արմավիրի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցների աշխատակիցների և ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագիրը և դրա իրականացման հնարավորությունները: Կառավարության կողմից 2016 թվականին ընդունված համապատասխան արձանագրային որոշմամբ սահմանվել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցը և գործողությունների պլանը, համաձայն որի՝ 2018 թվականի սեպտեմբերից նախատեսվում է Արմավիրի մարզում գործող երկու հատուկ (օժանդակ) գիշերօթիկ դպրոցները վերակազմակերպել որպես գնահատման կենտրոն, իսկ դպրոցներում սովորող աշակերտներին ընդգրկել հանրակրթական դպրոցներ՝ ներառական կրթության ծրագրի շրջանակներում:

Սակայն հատուկ դպրոցներ հաճախող երեխաների ծնողները և ուսուցիչները հավաստիացնում են, որ հատուկ դպրոցներ հաճախող 151 աշակերտից առնվազն 53-ի ինտեգրումը հանրակրթական դպրոցներում կդառնա անհնար` նրանց խիստ ծանր ֆիզիկական և մտավոր խնդիրների, ինչպես նաև ընտանիքի սոցիալական վիճակի պատճառով: Միևնույն ժամանակ նրանք մտահոգություն ունեն, որ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցները դեռ պատրաստ չեն ընդունել չափավոր և ծանր խնդիրներով երեխաներին, քանի որ նրանք կարիք ունեն գտնվելու շուրջօրյա կրթական միջավայրում՝ հատուկ խնամքի ներքո:

Կարևորելով Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև այն պատշաճ և նպատակային իրականացնելու անհրաժեշտությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը ևս առաջնային է համարել հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախ և առաջ անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ արդյունավետ կրթական և խնամքի ծառայություն իրականացնելու նպատակով:

Մարզպետը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ մարզում գործընթացի կազմակերպումը որոշ ժամանակով հետաձգելու առաջարկությամբ դիմել է նաև Կրթության և գիտության նախարարին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հատուկ դպրոցներում ընդգրկված միջին և ծանր խնդիրներով երեխաներին հանրակրթական դպրոցներում ներգրավելու հարցերն ունեն բազմակողմ ուսումնասիրության և վերլուծության կարիք: Նա իր խոսքում ընդգծել է նաև, որ իր իրավասությունների շրջանակում կանի ամեն ինչ գործընթացը սահուն և առանց ցնցումների իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25