Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության հուշագիր է ստորագրվել մարզպետի և «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտորի միջև

29.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին և համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին՝ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ կարևորում է տարբեր ձևաչափերով միջազգային փոխգործակցությունը. «Նախ ասեմ, որ Ֆրանսիան հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է: Այնտեղ հայկական բավականին մեծ համայնք կա և մեծ ճանաչում ունեցող հայեր՝ ի դեմս Շառլ Ազնավուրի և լուսահոգի Անրի Վերնոյի: Ես մինչ այս, իմ հիմնական մասնագիտությամբ պայմանավորված, լավ համագործակցություն եմ ունեցել ֆրանսահայ բժիշկների հետ: Այժմ ի պաշտոնե համագործակցության հնարավորություններն ու շրջանակներն ընդլայնվել են, և ես պատրաստ եմ տարբեր ուղղություններով գործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ»:

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտորին համագործակցության առաջարկի համար՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև ստորագրվող հուշագիրը միայն դրական անդրադարձ կունենա մարզի կրթական գործընթացի զարգացման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համալսարանի հետ համագործակցություն սկսելու պատրաստակամության համար՝ Ժան-Մարկ Լավեստին Գագիկ Միրիջանյանին ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ ուսումնական բարձրագույն հաստատությունը որակյալ կրթություն է ապահովում իր ուսանողների համար: Անդրադառնալով հուշագրի ստորագրմանը՝ նա նշել է, որ իրենց առաջնային նպատակը մարզի միջնակարգ դպրոցների շրջանավարտների համար նախապատրաստական դասընթացների և ընդունելության փորձնական քննությունների կազմակերպումն է:

Հանդիպման ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել մարզպետ Գագիկ Միրիջանյանի և «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի միջև: Հուշագրի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում աշակերտների ծնողների հետ, մասնակցություն համալսարանի «Բաց դռների օր» միջոցառմանը, մասնագիտություն ընտրելու հարցում աշակերտների համար միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ֆրանսերենի իմացության վկայական ունեցողների հեշտացված կարգով ընդունելություն, անվճար կամ զեղչված տեղեր և զինվորական տարկետման իրավունք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23