Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է 2018 թվականի ամառային առաջին զորակոչը

01.07.2018

Այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի է ունեցել 2018 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված զինվորների ծնողները, նորակոչիկների հարազատները և մարզի մեծ թվով բնակիչներ:

Ողջունելով ներկաներին և բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանը նախ շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին, ովքեր իրենց զավակներին այսօր հպարտությամբ ճանապարհում են Հայոց բանակ՝ իրենց պարտքը մատուցելու հայրենիքի պաշտպանությանը: Նա իր շնորհակալությունն է հայտնել նաև ապրիլյան քառօրյայում զոհված հերոսների ծնողներին, ովքեր, մասնակցելով զորակոչի միջոցառմանը, մեկ անգամ ևս փաստում են, որ մենք բոլորս դեռ պարտք ունենք կատարելու մեր հայրենիքի հանդեպ: Մարզպետն իր խոսքում նորկակոչիկներին վստահեցրել է, որ իրենց թիկունքը սահմանից այս կողմ ապահով է լինելու յուրաքանչյուրի ամենօրյա և ամենժամյա աշխատանքով: Ամփոփելով իր խոսքը՝ նա առողջություն, հաջողություն և բարի ծառայություն ու վերադարձ է մաղթել զորակոչվող պատանիներին:

Նորակոչիկներին իր հոգու խոսքն է ասել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ոսկեհատցի Արամայիս Միքայելյանի մայրը՝ հորդորելով նրանց մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց երկամյա ծառայությունը հայրենիքին, որի պաշտպանության համար իրենց արյան գնով ու կյանքով են վճարել հերոսացած տղաները: «Հիշեք, այսօրվանից դուք եք լինելու հայրենիքի անառիկության պաշտպանները, դուք եք հսկելու հայ մանուկի, մայրերի, հայրերի, տատերի ու պապերի պաշտպանությունը»,- իր խոսքում շեշտել է ոսկեհատցի հերոսի մայրը՝ նորակոչիկներին մաղթելով անփորձանք ծառայություն, երկրին էլ՝ խաղաղություն:

Օրվա կապակցությամբ նորակոչիկների համար տերունական աղոթք է հնչեցրել և բարեմաղթանքի խոսք հղել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Կարևորելով սրբազան վայրից մեկնումը Հայոց բանակ՝ նա կոչ է արել հայրենիքի նոր պաշտպաններին ավագ զինվորների եռանդով, ջանքով ու հավատով տոգորված իրականացնել իրենց ծառայությունը: Այնուհետև թեմակալ առաջնորդը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օրհնել է նորակոչիկներին՝ նրանց հաձնելով աղոթագիրք և խաչ՝ ի պաշտպանություն ու զորակցություն հոգևոր թեմի կողմից:

Նորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ մոմեր են վառել և խաղաղ հոգով մեկնել իրենց սրբազան պարտքը մատուցելու հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25