Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարաններ

06.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հուլիսի 5-ին փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ ճանաչողական այցով եղել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող «ANGA», «Սարդարապատ ֆրուտ», «Գուրմանե», «Ագրար Արմավիր», «Նոյան» հյութերի գործարաններում և Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում։

Գագիկ Միրիջանյանն այցը սկսել է «ANGA» ընկերությունից, որն այժմ ֆինանսական խնդիրներով պայմանավորված չի գործում։ Ընկերության սեփականատեր Համլետ Ավագյանը մարզպետին ներկայացրել է նախորդ տարվա հիմնական արտադրանքը, որը կազմել է 40 տոննա՝ 80 հազար տարրա ընդհանուր քանակությամբ։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ գործարանի արտադրական հզորությունը թույլ է տալիս տարեկան արտադրել 5 մլն տարրա պահածոյացված գյուղմթերք։ Ըստ սեփականատիրոջ՝ արտադրական գործընթացը վերսկսելու համար անհրաժեշտ գումարի առկայության դեպքում պատրաստ են օրվա ընթացքում մթերել շուրջ 60 տոննա լոլիկ և գյուղմթերքի այլ տեսականի։

Այնուհետև մարզպետն այցելել է «Սարդարապատ ֆրուտ» նորաստեղծ գործարան, ուր այժմ իրականացվում են վերանորոգման և հոսքագծերի տեղադրման աշխատանքներ։ Գործարանի սեփականատեր Սարգիս Թարվերդյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին հավաստիացրել է, որ 15 օրից պատրաստ կլինեն սկսելու մթերման գործընթացը և կապահովեն մեծ քանակությամբ գյուղմթերքի ընդունում։ Իսկ վերամշակված գյուղմթերքը պահածոների տեսքով հիմնականում կիրացնեն Ռուսաստանի Դաշնությունում:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ գործարանի սեփականատերը մասնավորապես ընդգծել է, որ մինչև 2020 թվականը նախատեսում է գործարանի տարածքում կառուցել նաև սառնարանային տնտեսություն և լուծել խորքային հորի հորատման հարցը։

Մարզպետի հաջորդ կանգառը եղել է «Գուրմանե» գործարանը, որն այժմ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով գործունեություն չի իրականացնում։ Գործարանի սեփականատեր Դավիթ Հարությունյանը մարզպետին հավաստիացրել է, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում կարող է վերսկսել գործունեությունը՝ ապահովելով մինչև 100 աշխատատեղ և տալով 2-3 մլն տարրա արտադրանք։

Այնուհետև Գագիկ Միրիջանյանը եղել է «Ագրար Արմավիր» ընկերությունում, որը գործում է  2003 թվականից։ Այն հին ավանդական բաղադրատոմսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով էկոլոգիապես մաքուր, բարձրորակ հումքից արտադրում է «ARFRUIT» ապրանքանիշի ստերիլիզացված պահածոների ավելի քան 88 տեսականի։ Ընկերության սեփականատեր Ենոք Միրզոյանը Գագիկ Միրիջանյանին տեղեկացրել է, որ հումքը և պատրաստի արտադրանքը ենթարկվում է մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության: Իսկ արտադրական բոլոր գործընթացների պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը (հումքի մշակումից մինչև դրանց փաթեթավորումը) իրականացվում է միջազգային չափանիշերի հիման վրա:

Մարզպետին տեղեկացվել է նաև, որ ամիսներ առաջ, ճապոնական զարգացման գործակալությունը (JICA) ՓՄՁ աջակցման կենտրոնի հետ միասին «Ագրար Արմավիր»-ում իրականացրել է արտադրության և արտադրատեսակների մոնիտորինգ, որով ընկերությունը հանրապետության մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող փոքր և միջին ընկերությունների շարքում իրավունք է ստացել Ճապոնիայի կողմից մասնակցելու ապրիլի 18-ից մայիսի 2-ը Սինգապուր քաղաքում կազմակերպված «Singapore Expo 2018» հյուրանոցային և ռեստորանային սննդի ամենամյա ցուցահանդեսին՝ արժանանալով բարձր գնահատականի։

Ընկերությունն իր արտադրանքը (շուրջ 200-220 պայմանական տուփ) տարիներ շարունակ իրացնում է ռուսական շուկայում։ Սակայն արտադրանքի ծավալն ավելացնելու և իրացման շուկան ընդլայնելու համար «Ագրար Արմավիրի» սեփականատերը մարզպետին առաջարկել է մարզի մյուս վերամշակող ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի հետ համատեղ մեկ ապրանքանիշի տակ կազմակերպել իրենց արտադրությունը և արտահանումը երկրից՝ ապահովելով ճիշտ մարկետինգ։

Մարզպետը վերամշակող ընկերություններ կատարած այցի շրջանակում եղել է նաև Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, ապա՝ «Նոյան» հյութերի գործարանում:

Վերը նշված գործարաններ կատարած շրջայցի ընթացքում մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ծանոթանալով արտադրական գործընթացին վերաբերող մանրամասներին և առկա խոչընդոտներին, հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ մասնավորապես հորդորելով փոխել ոլորտի մշակույթը և քայլել շուկայի պահանջներին համահունչ. «Եթե ցանկանում եք հաջողության հասնել ձեր աշխատանքում, ապա պետք է փոխեք մոտեցումը արտադրական գործընթացի նկատմամբ: Այսօր գնորդը մեծ ուշադրություն է դարձնում սննդի ոչ միայն համային, այլև որակական հատկանիշներին: Պետք է կարողանաք ապահովել մի շարք ստանդարտներ՝ շուկայում մրցունակ դիրք զբաղեցնելու համար»: Ֆինանսական հարցերի լուծման մասով էլ նա առաջարկել է գրավոր ներկայացնել հիմնավոր տվյալներ՝ դրանք պատկան մարմինների հետ քննարկելու և հնարավոր լուծումներ գտնելու համար:

Հավելենք, որ առաջիկա օրերին մարզպետ Գագիկ Միրիջանյանը կայցելի նաև մարզում գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող այլ ընկերություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46