Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ

07.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ, կրթության ոլորտը համակարգող Ալեքսանդր Ղուկասյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը:

Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Միրիջանյանը նախ կարևորել է ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացումը՝ նշելով, որ ուսուցչական կազմը և աշակերտները դպրոցում պետք է զբաղված լինեն միայն կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպմամբ և ապահովմամբ:

Անդրադառնալով դպրոցներում իրականացվող դրամահավաքությանը՝ նա ընդգծել է, որ այսուհետ պետք է բացառել ցանկացած նմանատիպ երևույթի առկայությունը կրթօջախներում, հակառակ պարագայում կդրսևորվի համարժեք վերաբերմունք տվյալ հաստատության նկատմամբ:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն անդրադարձել է նաև առաջիկայում դպրոցներում նախատեսվող մշտադիտարկման աշխատանքներին, որոնք, ըստ նրա, չեն ենթադրում պատժիչ գործողություններ, այլ հիմնականում ունենալու են առկա թերությունները շտկելու նպատակ:

Պարզաբանելով մշտադիտարկման շրջանակում նախատեսվող աշխատանքները՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մարզպետի համապատասխան կարգադրությամբ ստեղծվող աշխատանքային խումբն առաջիկայում մարզպետարանին վերապահված լիազորությունների շրջանակում բոլոր դպրոցներում իրականացնելու է ֆինանսատնտեսագիտական, կառավարման խորհուրդների գործունեության, աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման, կրթօջախին տրվող լիցենզիաների պահանջների կատարման, ուսուցիչների և այլ հաստիքային աշխատողների տարիֆիկացիաների կազմման, ինչպես նաև շենք-շինությունների կառուցապատման, վերանորոգման, պահպանության և շահագործման ուղղությամբ համապատասխան ուսումնասիրություններ: Նրա խոսքով՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացվեն քննարկման, իսկ արդյունքներն էլ կհրապարակվեն:

Մարզպետը դպրոցների տնօրեններին տեղեկացրել է նաև, որ իրենց հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ ներկայացված տվյալները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, և մարզի այն բնակիչը, որը կհամապատասխանի տվյալ թափուր հաստիքը զբաղեցնելու չափորոշիչներին, ապա իր կողմից կգործուղվի համապատասխան կրթական հաստատություն՝ օրինականության շրջանակում աշխատանքի անցնելու համար:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի գործունեությանը վերաբերող իր մոտեցումներն է ներկայացրել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը՝ մասնավորապես նշելով, որ պատրաստ է համագործակցված աշխատել բոլոր դպրոցների հետ՝ արմատախիլ անելու արատավոր երևույթները և կառուցելու այն լուսավոր ապագան, որը բոլորի երազանքն է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդգծել է, որ որպես գործընկեր կանգնած է բոլորի կողքին և պատրաստ է աջակցելու ցանկացած հարցում՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է բաց, թափանցիկ և օրենքի շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16