Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է մարզի բուժհաստատություններ
10.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն, ապա` Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ և Վաղարշապատի հիվանդանոց:
Մարզպետի այցը բուժհաստատություններ սկսվել է Բաղրամյանի առողջության կենտրոնից: Նա շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, գույքային հագեցվածությանը, հանդիպել բուժաշխատողների հետ:
Առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Տիգրանյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին տեղեկացրել է, որ հաստատությունն ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2010 թվականին՝ «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ըստ տնօրենի՝ վերջին մեկ տարվա ընթացքում հաստատությունն աշխատել է շահույթով՝ մարելով նաև նախկինում գոյացած պարտքերը: Բուժհաստատությունում այժմ առկա խնդիրներից առանձնացվել են շտապ օգնության մեքենայի, լաբորատոր սարքավորումների ձեռք բերման և հաստիքային միավորների համալրման հարցերը:
Բաղրամյանի առողջության կենտրոն կատարած այցի շրջանակում մարզպետը եղել է նաև կենտրոնում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որն իրականացնում է մանկական զարգացման ծրագրեր:
Այնուհետև Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն: Նա ծանոթացել է բուժհաստատության շենքային պայմաններին, բաժանմունքների գործունեությանն ու տեխնիկապես հագեցվածությանը, այցելել հիվանդասենյակներ, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով և սպասարկման որակով:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մարզպետին ներկայացրել է կենտրոնի հիմնական խնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով ինֆեկցիոն բաժանմունքի, պոլիկլինիկայի լաբորատորիայի վերանորոգման հարցերը, ինչպես նաև հեմոդիալիզի բաժանմունքում ջրի զտման սարքի և կենտրոնում մի շարք այլ սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև ԲԿ-ի բյուջետային ծրագրերի վերանայմանը և սոցիալական փաթեթի շահառուների սպասարկումը բուժհաստատությունում կազմակերպելու գործընթացին աջակցելու անհրաժեշտությանը:
Մարզպետի հաջորդ կանգառը եղել է Մեծամորի բժշկական կենտրոնը, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին և մինչ այս չի վերանորոգվել: Բժշկական հաստատությունն ունի շենքային պայմանների բարելավման, բուժսարքավորումներով հագեցվածության և որոշ մասնագետների կարիք: Այդուհանդերձ, բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին զեկուցել է, որ 2017 թվականին իր գլխավորած հաստատությունը մարզում վճարովի ծառայությունների և շահութաբերության բարձր տոկոս է գրանցել:
Հաջորդիվ մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Էջմիածնի ԲԿ, ապա նաև՝ Վաղարշապատի հիվանդանոց: Մարզպետն այս հաստատություններում ևս ծանոթացել է շենքային պայմաններին, առանձին բաժանմունքների գործունեությանն ու տեխնիկապես հագեցվածությանը, հիվանդների առողջական վիճակին, տնօրինության հետ քննարկել վերջին շրջանում իրականացված ծրագրերն ու առկա հիմնախնդիրները:
Նշված բուժհաստատություններ կատարած այցի շրջանակում մարզպետը ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը՝ առաջին հերթին կարևորելով շենքային և գույքային պայմանների բարելավումը, որակյալ մասնագետներով համալրումն ու օբյեկտիվ գործելաոճը: Անդրադառնալով բարձրաձայնված հարցերին՝ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ դրանց լուծման հնարավոր ուղիները կքննարկի ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի հետ: Նա անդրադարձել է նաև բուժհաստատությունների օպտիմալացմանը՝ ընդգծելով, որ այդ գործընթացն այսուհետ պետք է իրականացվի հանրային քննարկման արդյունքում: