Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

10.07.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայցնելուց հետո մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկայացրել է նորանշանակ փոխմարզպետներին, ապա՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետի, Արմավիր և Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքային համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին՝ նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն՝ լի բազում հաջողություններով:

Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում մարզպետն անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությանը՝ առաջարկելով 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքների ղեկավարներին ապահովել համացանցային կայքերի գործարկումը և դրանց միջոցով թափանցիկ գործելաոճի ապահովումը:

Սույն թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը՝ մասնավորապես նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1122767,9 հազար դրամի դիմաց կազմել են 920293,8 հազար դրամ, կատարողականը՝ 82,0 տոկոս: Ըստ նրա՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,8 տոկոսով:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է նաև համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ հուլիսի 1-ի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 26 համայնք, և այն կազմում է 46004,3 հազար դրամ:

Վարազդատ Մկրտչյանն անդրադարձել է նաև խոշոր հարկատուների կողմից տարիներ շարունակ չվճարված հողի հարկին և գույքահարկին՝ տեղեկացնելով, որ այդ հարկատեսակների մասով չվճարված գումարի չափը հասնում է 260 մլն դրամի:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի բարելավումը և աշխատավարձերի ընթացիկ պարտքերի մարումը: Նա միևնույն ժամանակ կոչ է արել ակտիվ և համախմբված աշխատանքներ իրականացնել արտոնյալ հարկատուների կողմից չվճարված գումարները գանձելու և համայնքային բյուջե մուտքագրելու ուղղությամբ. <<Դրանք այն գումարներն են, որոնք նպատակաուղղելու ենք համայնքներում առկա խնդիրների լուծմանը>>:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատանքային խմբերի կողմից 2018 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներին մարզի տեղական ինքնակառավարման 18 մարմնում սեփական լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, ինչպես նաև քաղաքաշինության, հողօգտագործման բնագավառներում իրականացված մասնագիտական հսկողության արդյունքները ներկայացնող ամփոփ զեկույցով է հանդես եկել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացված ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ համապատասխան համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի գործունեությունը համապատասխանել է ՀՀ օրենսդրության պահանջներին, սակայն ներկայացված բնագավառներում օրենսդրության պահանջների ճիշտ կիրառման գործընթացը ոչ միշտ է եղել պահպանված:

Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացրած մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից հայտնաբերվել և արձանագրվել են <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների չպահպանման կամ թերի պահապանման փաստական տվյալներ: Դրանք վերացնելու նպատակով աշխատանքային խմբերի կողմից առաջարկություններ են ներկայացվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ավագանու նիստերում քննարկելու վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունները և վերացնելու հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները:

Ըստ այդմ՝ համայնքապետերից ստացված տեղեկատվության համաձայն 2018 թվաանի 1-ին եռամսյակում վարչական հսկողությամբ արձանագրված խախտումները համապատասխան համայնքներում վերացվել են և ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցներ՝ դրանք հետագայում բացառելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է 2-րդ եռամսյակում ընդգրկված համայնքներում իրականցված հսկողության արդյունքում արձանագրված խախտումներին, ապա, ըստ Հովհաննիսյանի, այդ կապակցությամբ շրջաբերական գրություններ են ուղարկվել համապատասխան համայնքների ղեկավարներին՝ արձանագրված խախտումները վերացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների իրավակիրառողական և իրավաստեղծ գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Օրակարգային հարցերի ավարտից հետո հայտարարություններով հանդես են եկել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Հարությունյանը:

Արթուր Այվազյանը հիմնականում անդրադարձել է գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցերին, Սոնյա Բուդաղյանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական կրթական ծրագրի լիցենզավորման գործընթացին, իսկ Լիաննա Հարությունյանը՝ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հոդվածներին, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված ժամկետների և կարգերի կիրառմանը, ավագանու անդամների պարտականությունների կատարմանը:

Ամփոփելով օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 12:26:47