Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
11.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 84 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Ընդունելության գրանցված քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են աշխատանքով ապահովմանը և դրամական աջակցությանը: Առաջարկություններ են եղել նաև մարզի հանրակրթության և մշակույթի ոլորտների զարգացման, մարզային մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաև գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներին առնչվող, ինչպես նաև կոմունալ-կենցաղային հարցերով:
Իրականում սոցիալական խնդիրներ ունեցող և դրամական աջակցության խնդրանքով դիմած քաղաքացիների հարցերը բավարարվել են, և նրանց առաջիկայում կտրամադրվի համապատասխան դրամական օգնություն: Աշխատանքով ապահովվելու հարցով էլ դիմած քաղաքացիներին Գագիկ Միրիջանյանը ներկայացրել է մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում թափուր հաստիքների վերաբերյալ արված հայտարարությունը, դրանք համալրելու ընթացակարգը:
Քաղաքացիները մարզպետին դիմել են նաև իր իրավասությունների տիրույթից դուրս գտնվող հարցերի լուծման խնդրանքով, որոնց առնչությամբ նա նշել է, որ մարզպետարանն այդ իմաստով կարող է իրականացնել միայն խորհրդատվական գործառույթ, իսկ հարցի լուծմամբ պետք է զբաղվեն միայն պատկան մարմինները:
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ողջունել է ընդունելությանը հանրակրթության և մշակույթի ոլորտների զարգացման առաջարկություններով դիմած քաղաքացիների ծրագրերը՝ վստահեցնելով, որ փորձելու է աջակցել բոլոր առողջ և հեռանկարային գաղափարների իրականացմանը: