Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխտնօրենին

17.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) փոխտնօրեն Ինեսա Գրիգորյանին և հիմնադրամի կրթական, առողջապահական, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի համակարգողներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը 2004 թվականից աշխատում է Արմավիրի մարզում՝ իրականացնելով համապարփակ զարգացման ծրագրեր կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման ուղղությամբ:

Հանդիպմանը հիմնադրամի փոխտնօրենը մարզպետին է ներկայացրել այս տարիների ընթացքում մարզի 13 համայնքում (Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Մյասնիկյան, Հացիկ, Վանանդ, Գետաշեն, Շենիկ, Բագարան, Բաղրամյան, Երվանդաշատ, Սարդարապատ, Արգինա) իրականացված ծրագրերը և համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես ընդգծելով, որ իրենց գործունեության նպատակն է ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես ակտիվ գյուղական համայնքների զարգացումը: Անդրադառնալով համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ Ինեսա Գրիգորյանը նշել է, որ Արմավիրի մարզում հիմնադրամը կապիտալ վերանորոգել է 8 դպրոց, 9 բուժհաստատություն, 3 մանկապարտեզ և հիմնել է 7 խաղահրապարակ, 6 ստեղծագործարան, 7 դպրոցական ճաշարան և ատամակայան:

Այնուհետև ներկայացվել են առողջապահական, կրթական, երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի շրջանակում իրականացված ձեռնարկները և գրանցված հաջողությունները, որոնք Արմավիրի մարզում տարիների գործունեությունը չդադարեցնելու հիմք են հանդիսանում:

Կարևորելով իրականացված ծրագրերի նշանակությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր շնորհակալությունն է փոխանցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենին՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ՝ ի նպաստ Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման: Նա վստահեցրել է, որ մարզում նախատեսվող ցանկացած ներդրում ամբողջությամբ կծառայի իր նպատակին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25