Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է <<Աշխարհագրություն>> առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայի մեկնող Լուսինե Դավթյանին
25.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է 2017-2018 ուսումնական տարվա <<Աշխարհագրություն>> առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի անդամ, մարզի Վաղարշապատի թիվ 5 դպրոցի շրջանավարտ Լուսինե Դավթյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և Լուսինե Դավթյանի մայրը:
Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 դպրոցի աշակերտուհին <<Աշխարհագրություն>> առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու հնարավորություն է ստացել` հաղթող ճանաչվելով և 2-րդ կարգի դիպլոմ ստանալով աշխարհագրություն առարկայի 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում:
Մարզպետի հետ հանդիպմանը Լուսինե Դավթյանը նշել է, որ դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ, ունեցել է սիրելի առարկաներ, սակայն միշտ առանձնահատուկ մոտեցում է դրսևորել աշխարհագրություն առարկայի նկատմամաբ: Դպրոցում ուսումնառության տարիներին ունեցած գերազանց առաջադիմությունը նրան օգնել է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի <<Computer Science>> ֆակուլտետը:
Շնորհավորելով Լուսինե Դավթյանին Ամերիկյան համալսարան ընդունվելու և աշխարհագրություն առարկայի դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլում նշանակալի հաջողություն ունենալու համար` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նրան մաղթել է նորանոր ձեռքբերումներ ուսումնական գործընթացում և կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ Լուսինեն կհաջողի նաև միջազգային օլիմպիադայում` մեծ ուրախություն պարգևելով բոլորին:
Հավելենք, որ <<Աշխարհագրություն>> առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան տեղի է ունենալու Կանադայի Քվեբեկ քաղաքում` ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: