Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը Զարթոնք համայնքում ծանոթացել է ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներին
30.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք համայնք, ծանոթացել ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներին: Շուրջ 10 տարի է, ինչ համայնքում առկա է ոռոգման ջրի խնդիրը, որի պատճառով 150-200 հեկտար հողատարածք այժմ չի մշակվում: Մասնակի մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այն էլ` կոյուղաջրով:
Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը մարզպետին ներկայացրել է համայնքում ոռոգման համակարգի հետ կապված խնդրի էությունը` մասնավորապես նշելով, որ տարիների ընթացքում Սև ջուր գետի հոսքերի խիստ նվազման կամ գրեթե բացակայության արդյունքում այն մնացել է Արմավիր և Մեծամոր քաղաքների գլխավոր կոյուղագծից հոսող կոյուղաջրերի տիրապետության տակ: Համայնքապետի խոսքով` ամեն վայրկյան համայնքին սպառնում է խոլերայի վտանգը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար համայնքապետը կառավարությունից խնդրում է համայնքում լուծել 5 խորքային հորի հորատման հարցը, որի ուղղությամբ նախորդ տարվանից գործնական քայլեր են արվել:
Խնդրին ամբողջությամբ ծանոթանալու համար մարզպետն այցելել է նաև 80-ական թվականներին կառուցված Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայան, որը շուրջ 27 տարի չի շահագործվում: Արդյունքում Արմավիրի կոյուղաջրերը Մեծամորի մաքրման կայանի տարածքում առանց մաքրման և վարակազերծման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքներն ու բաց ջրամբարները, այդ թվում` Սև ջուր գետը` ստեղծելով վարակիչ հիվանդությունների տարածման մեծ վտանգ:
Ելնելով խնդրի վտանգավորության բարձր աստիճանից` մարզպետը կարևորել է օպտիմալ ժամկետներում հնարավոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը` վստահեցնելով, որ անձամբ կդիմի պատկան մարմիններին և իր իրավասությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի լուծմանը:
Հավելենք, որ վերիջին երկու օրերին մարզպետ Գագիկ Միրիջանյանի խնդրանքով Արմավիր ՋՕԸ-ն սահմանափակել է իր սպասարկման տարածքում գտնվող 32 համայնքին տրամադրվող ոռոգման ջրի քանակը և այն ուղղել է Զարթոնք համայնք` շոգ եղանակով պայմանավորված հնարավոր խնդիրներից խուսափելու համար: