Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է Մեծամորի մարզահամալիրի, բժշկական կենտրոնի շենքային պայմաններին և գործունեությանը
06.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանի և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ օգոստոսի 4-ին այցելել է Մեծամորի մարզահամալիր, ապա եղել է բժշկական կենտրոնում:
Ինչպես տեղեկացվել է մարզպետին, Մեծամորի մարզահամալիրը շահագործման է հանձնվել 1970-ական թվականի վերջին և մինչ այժմ չի վերանորոգվել: Գործունեության տարիների ընթացքում մարզահամալիրի սաները բազում հաջողությունների են հասել տարբեր մարզաձևերում: Շենքային անմխիթար պայմանները այժմ էլ չեն խոչընդոտում Մեծամորի և հարակից համայնքների տարբեր տարիքային խմբերի մարզիկներին շարունակել իրենց մարզումները, հաջողություններ ունենալ Հայստանում և արտերկրում կազմակերպվող տարբեր առաջնություններում:
Շրջելով մարզահամալիրում, ծանոթանալով շենքային պայմաններին և առկա խնդիրներին՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր մտահոգությունն է հայտնել մարզադահլիճների անմխիթար վիճակի կապակցությամբ և նշել, որ ավելի լուրջ հաղթանակներ գրանցելու համար անհրաժեշտ է մարզումները կազմակերպել ավելի բարեկարգ պայմաններում: Նա խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել մարզահամալիրի հիմնանորոգմանը:
Այնուհետև մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ, ծանոթացել շենքային պայմաններին, ԲԿ-ի վարչական տարածքում գտնվող, սակայն չշահագործվող մասնաշենքերին և տարածքներին:
Շրջայցի ավարտին Գագիկ Միրիջանյանը ԲԿ-ի տնօրինության հետ քննարկել է համապատասխան տարածքների նպատակային օգտագործմանը վերաբերող մանրամասներ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նոր բաժանմունքների բացման և գործողների վերազինման շուրջ: