Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Նորապատի 5-րդ փողոցի այրված և 3-4-րդ կարգի վթարային համարվող շենքեր

06.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Նորապատի 5-րդ փողոցում գտնվող այրված և 3-4-րդ կարգի վթարային համարվող շենքեր: Նա ծանոթացել է երկու շենքերի ընդհանուր վիճակին և բնակիչների հետ քննարկել նրանց բնակարանով ապահովելուն վերաբերող հարցեր:

Նորապատի 5-րդ փողոցում գտնվող և 4-րդ կարգի վթարային համարվող եռահարկ շենքը (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ) այրվել է 2017 թվականի հոկտեմբերի 22-ին: Այն կառուցված է եղել 30-ական թվականներին: Հրդեհի արդյունքում այրվել է 11 բնակարան` ամբողջ գույքով:

Հրդեհից տուժած ընտանիքներին նախորդ տարի դրամական օգնություն է տրամադրվել ՀՀ կառավարության, «Լույս» հիմնադրամի, Արմավիրի մարզպետարանի, քաղաքապետարանի, Նորապատի գյուղապետարանի և առանձին անհատների կողմից: Հատկացված գումարների շրջանակում լուծվել են տուժած ընտանիքների` 6 ամիս ժամկետով բնակարան վարձակալելու, կոմունալ ծախսերը հոգալու, ավելի քան 300 հազար միանվագ դրամական աջակցություն տրամադրելու հարցերը:

Առաջնային համարելով երկու շենքերի, հատկապես` այրված շենքի բնակիչներին մշտական բնակարանով ապահովելու խնդիրը` մարզպետը և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել են հնարավոր լուծումներ գտնելու տարբերակներ: Խնդրի լուծման նպատակով Գագիկ Միրիջանյանը և Դավիթ Խուդաթյանն այցելել են նաև Արմավիր քաղաքում գտնվող երկու տարածք, դիտարկել դրանց նպատակահարմարությունը բնակելի շենքեր կառուցելու և Նորապատի 5-րդ փողոցում գտնվող երկու շենքի բնակիչներին վերաբնակեցնելու տեսանկյունից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25