Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահին և մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահին

24.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանին` մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի և մի քանի մարզիչների հետ միասին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը:

Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահը մարզպետին ամփոփ տեղեկություն է ներկայացրել ֆեդերացիայի տարիների գործունեության և հաջողությունների մասին` մասնավորապես նշելով, որ մարզաձևը Հայաստանում տարածում է գտել 2005 թվականից և այժմ մեծ հեղինակություն է վայելում պարբերաբար կազմակերպվող «ArmFC» միջազգային խոշոր մրցաշարերով, որոնք աշխարհում մեծ մասսայականություն են վայելում «Ընդհանուր Մենամարտեր» (MMA) սպորտաձևի երկրպագուների շրջանում:

Տիգրան Միքայելյանն իր խոսքում նշել է, որ ֆեդերացիայի հիմնական նպատակն է միավորել Հայաստանի լավագույն մարզիկներին, ձևավորել ուժեղ թիմ և հանդես գալ միջազգային մրցաշարերում` օտար երկրներում ճանաչելի դարձնելով Հայաստանը: Այդ իմաստով նա կարևորել է ֆեդերացիայի Արմավիրի մասնաճյուղի դերակատարումը, որը, հիմնադրվելով 2010 թվականին, հասցրել է տարբեր համայնքներում ունենալ 21 մարզական ակումբ, ուր հաճախում է ավելի քան 950 մարզիկ: Արմավիրցի մարզիկներից Վիտյա Մխիթարյանն էլ օգոստոսի 18-ին Վրաստանի Բաթումի քաղաքում կազմակերպված միջազգային պրոֆ մրցաշարում իր տարիքային խմբում ճանաչվել է լավագույնը` զբաղեցնելով մրցանակային 1-ին տեղը:

Բարձր գնահատելով ֆեդերացիայի` մարզաձևի զարգացմանն ուղղված նպատակային քայլերը և ունեցած հաջողությունները` մարզպետ Գագիկ Միրիջանյանը հավաստիացրել է, որ ինքն էլ իր հերթին պատրաստ է աջակցելու մարզում այդ և այլ մարզաձևերի տարածմանը, ընդհանուր գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Վստահորեն կարող եմ ասել, որ Արմավիրի մարզում քիչ չեն լուրջ հաջողություններ ունեցող սպորտսմենները` Օգսեն Միրզոյան, Յուրի Սարգսյան, Սիմոն Մարտիրոսյան…: Նրանց հաջողությունները պետք է լավ օրինակ դառնան մյուսների համար, և բոլորս միասնական, համատեղ ուժերով փորձենք հասնել ավելիին»,- ասել է մարզպետը` վստահեցնելով, որ տարբեր մարզաձևերում հաջողության հասած մարզիկներին օժանդակելու է, և նրանք միշտ լինելու են իր ուշադրության կենտրոնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40