Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 103-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը

23.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների, մարզի բնակիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 103-ամյակին նվիրված տոնակատարությանը։

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում և զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով, ավանդական հարիսայով նշվում է հերոսամարտի տարելիցը և հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։

Մուսա լեռան հերոսամարտի 103-ամյակին նվիրված տոնակատարությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ներկաներին ողջունել և օրհնության խոսք է հղել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` մասնավորոպես ասելով. «Թող Աստված միշտ վառ պահի մեր հաղթանակների ջահը, թող Աստված միշտ վառ պահի մեր ժողովրդի հաղթական ոգին, քրիստոնեական հավատքը, որի խաչը ծածանվեց Մուսա լեռան վրա և դարձավ փրկության նշան: Աստված պահապան բոլորիդ»:

Տոնական օրվա առթիվ շնորհավորելով բոլորին և իր խոնարհումը հայտնելով հերոսամարտի 18 նահատակների հիշատակին` Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է. «103 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը, ինչպես իր կյանքի ամբողջ ընթացքում, հերթական անգամ մոտ 4200 հոգով դուրս եկավ պայքարի անհավասար ուժերի դեմ: Ինչպես միշտ, երբ հայ ժողովուրդն ունենում է դժվարին պահեր, համախմբվում է և հաղթանակի է հասնում…: Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտը նաև առանձնանցել է նրանով, որ հայ ժողովրդին օգնության է հասել Ֆրանսիայի ժողովուրդը` «Ժաննա դ’Արկ» և «Գիշեն» զրահանավերով: Եվ նրանց հաջողվել է 4000 մարդու Մուսալեռից ապահով և անվտանգ տեղափոխել Պորտ-Սայիդ՝ Եգիպտոս: Այս ամենով հանդերձ ամրագրվել է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը…»:

Իր խոսքում մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև տոնակատարության մասնակիցներին` ցանկանալով, որ
Մուսա լեռան տոնը դառնա Հայաստանի 3-րդ հանրապետության հավերժ նշվող տոներից մեկը:

Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` կարևորելով Մուսա լեռան հերոսամարտում երկու բարեկամ ժողովուրդների սխրանքը, և այն համարելով օրինակելի բոլոր սերունդների համար: Մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքը` նա նշել է. «Ֆրանսիան միշտ հայ ժողովրդի կողքին է»:

Մուսա լեռան 103-րդ տոնակատարության առթիվ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և զարգացման մեջ ունեցած ավանդի համար Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին պարգևատրել է «Երվանդ Լալայան» հուշամեդալով և շնորհել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրության պայքարի պատմության ազգային բարեկամ» տիտղոս` համապատասխան հավաստագրով և կրծքանշանով:

Օրվա խորհրդի ներքո կատարումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը և «Մուշ», «Մշո զավակներ», «Ալաշկերտ» և «Տիգրանակերտ» պարային խմբեր:

Մուսալեռան հերոսամարտի 103-ամյակին նվիրված տոնակատարության ավարտին տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվել է ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49