Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերոսացած զինվոր Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել հայրենի գյուղում

25.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ  Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր Արևիկ համայնքում ներկա է գտնվել 2016 թվականի սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը:

Սևակ Խաչատրյանը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար արժանացել է շքանշանի: 2017 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Սևակ Խաչատրյանը հետմահու «Արիության» մեդալով է պարգևատրվել նաև ԱՀ նախագահի կողմից:

«Փառք Քեզ, հայորդի, փառապանծ Սևակ, Հայոց աշխարհի անձնուրաց զինվոր, սրբազան ուխտով դարձար նահատակ, թող արծիվ հոգիդ ճախրի դարերով…» գրությամբ հուշարձան-խաչքարի նախաձեռնությունը եղել է Խաչատրյանների ընտանիքինը, որը հեղինակել է Սամվել Սարգսյանը:

Հերոս հայորդու հավերժ հիշատակը խորհրդանշող հուշարձան- խաչքարի բացման պատիվը վերապահվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին, նրա հրամանատար Զավեն Հունանյանին և եղբորը` Սերյոժա Խաչատրյանին: Արևիկ համայնքի կենտրոնում Սևակ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող կոթողը օծվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Ողջունելով ներկաներին և իր շնորհակալությունը հայտնելով Խաչատրյանների ընտանիքին հայ ժողովրդին նման առյուծասիրտ որդի պարգևելու համար` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ նորանկախ Հայաստանում հերոս տղաների հիշատակին նվիրված հուշարձանների բացման հետաքրքիր և կարևոր ավանդույթը խորհրդանշում է նրանց վերածնունդը: Այդ համատեքստում մարզպետը Սևակի փառքն ու հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը համարել է նրա վերածնունդը հարազատ համայնքում:

«Բոլորս մեծ պարտք և պատասխանատվություն ունենք Սևակի և այն հերոս տղաների հիշատակի առաջ, որոնք մեզ պարգևել են այս իրականությունը», -ամփոփելով իր խոսքը` ընդգծել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Oրվա խորհրդի ներքո տեղի է ունեցել նաև հիշատակի միջոցառում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08