Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քննարկվել են եզդերեն առարկայի դասավանդմանը վերաբերող հարցեր
27.09.2018
![](http://armavir.mtad.am/files/n_pics/17379_s.jpg)
Այսօր մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում եզդերեն առարկայի դասավանդմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը և այն դպրոցների տնօրենները, որտեղ եզդերեն առարկա է դասավանդվում:
Ազիզ Թամոյանի հետ քննարկվել է Արմավիրի մարզի համապատասխան դպրոցներում այս ուսումնական տարում եզդերեն առարկային հատկացվող դասաժամերի կրճատման պատճառները, որոնք հիմնականում պայմանավորված են մասնագետների բացակայությամբ, առարկայի ոչ արդյունավետ դասավանդմամբ, ինչպես նաև եզդի երեխաների ցածր հաճախելիությամբ:
Կարևորելով մարզում եզդերեն առարկայի պարտադիր դասավանդումը` մարզպետ Գագիկ Միրիջանյանն առաջնային է համարել եզդերենի որակյալ ուսուցման և երեխաների կրթական գործընթացի ճիշտ կազմակերպումը: Դասավանդման արդյունավետությունն էլ վերահսկելու համար մարզպետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ոլորտի պատասխանատուներից բացի ընդգրկված կլինեն նաև եզդերենի մասնագետներ: