Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
27.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 20 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին շարունակում են դիմել համապատասխան աշխատանքով ապահովելու, դրամական աջակցության և առողջական խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Քաղաքացիների կողմից հարցեր են եղել նաև համայնքապետերից մեկի անօրինական գործողությունները կանխելու, բնակարանի գազաֆիկացմանն աջակցելու, աճուրդային կարգով հողատարածքի ձեռքբերմանն ընդառաջելու վերաբերյալ:
Մարզպետին դիմել են նաև <<Վիոլա ջուր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող անօրինական գործողությունների կանխմանը, ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև Ակնալիճ համայնքի վարչական տարածքում առկա արոտավայրերի օգտագործման և վարձավճարների գանձման օրինականության ստուգման գործընթացին հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Սոցիալական խնդիրներ ունեցող և դրամական աջակցության խնդրանքով դիմած քաղաքացիների հարցերին մարզպետ Գագիկ Միրիջանյանը համապատասխան ընթացք է տվել: Աշխատանքի ապահովման հարցով էլ դիմած քաղաքացիներին նա ներկայացրել է այս պահին առկա թափուր հաստիքների ցանկը` վստահեցնելով, որ տվյալների համապատասխանության պարագայում կարող են դիմել տվյալ հաստատություն` հաստիքը համալրելու համար: Եղել են նաև լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցեր, որոնք մարզպետը վերցրել է իր անմիջական հսկողության ներքո` վստահեցնելով, որ կանի հնարավորն օրինական դաշտում օբյեկտիվ լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն: