Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ
09.10.2018
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ:
Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակի հիմնադիրներ Զոհրաբ և Սեթա Ղազարյանների հետ: Տեր և տիկին Ղազարյանները փոխմարզպետին տեղեկություն են ներկայացրել իրենց տարիների գործունեության վերաբերյալ` ընդգծելով, որ դեռևս 2006 թվականին Հայաստանում հիմնված հիմնադրամի գերնպատակն է եղել աջակցել սոցիալական և այլ բնույթի խնդիրներ ունեցող կանանց, երեխաներին` ապահովելով նրանց ինտեգրումը հասարակությանը:
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին ներկայացվել են «Մայրատուն», «Պնակ մը կերակուր», «Աստվածաշնչի սերտողություն», «Հովանավորի ընտանիք», «Հույսի ճրագ» և այլ ծրագրերի միջոցով հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկները և դրանց նշանակությունը շահառուների շրջանում:
Կարեն Գրիգորյանի հետ քննարկվել են նաև հիմնադրամի առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո նա շրջել է հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին: