Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
01.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցված 25 քաղաքացիներից մասնակցել են 23-ը:
Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:
Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, աշխատանքով ապահովելու, վարկի տույժ-տուգանքը զիջելու միջնորդության, բնակարանի գազաֆիկացման, բնակելի տան տանիքի վերանորոգման, ինչպես նաև բնակարանով ապահովելու խնդրանքով:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները նաև մարզպետին դիմել են հողամասի սեփականաշնորհման վկայականի ձեռքբերմանը աջակցելու, հարևանի կողմից ճանապարհի հաշվին կատարած անօրինական շինարարությունը քանդելու և ճանապարհը լայնացնելու խնդրի լուծման նպատակով: Նաև քննարկվել է Լենուղի համայնքի վթարային երկու շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հարցը:
Լսելով քաղաքացիների խնդիրները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դրանք քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, առաջարկել խնդիրների լուծման բոլոր հնարավոր ուղիները: Այնուհետև քաղաքացիներին տվել է համարժեք պատասխաններ և պարզաբանումներ` վստահեցնելով, որ բոլորի խնդիրներին հնարավորության և օրենքի սահմաններում կտրվեն համապատասխան լուծումներ: