Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

27.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաեւ կրթության ոլորտը համակարգող փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, ինչպես նաեւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն անդրադարձել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին` ներկաների ուշադրությունը հրավիրելով <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության ժամանակ ուսումնական հաստատությունների աշխատակիցների սահմանափակումների վրա: Նա իր խոսքում ընդգծել է, որ օրենքով արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը հանրային ծառայողներին, առողջապահական, բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար 9:00-ից 18:00-ն սահմանված աշխատաժամանակին` կոչ անելով տնօրեններին այդ ժամանակահատվածում զերծ մնալ ցանկացած բնույթի քարոզչական աշխատանքից:

Հարցի առնչությամբ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մեկ անգամ եւս արտահայտել է իր դիրքորոշումը` ընդգծելով. <<Դպրոցում որեւէ աշխատակից չփորձի դառնալ այդ գործընթացի շահառու, եւ դպրոցը վերածի նախընտրական շտաբի: Մարզպետարանից դուք այսուհետ ընտրությունների հետ կապված հրահանգ չեք ստանալու, մենք ձեզ դիմելու ենք միայն տեխնիկական բնույթի հարցերի կարգավորմամբ>>:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությա պետ Վարազդատ Մկրտչյանն էլ ներկայացրել է մարզի հանրակրթական դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը` նշելով, որ ՀՀ օրենսդրությամբ եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով ՊՈԱԿ-ների անվամբ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացվել են հաշվեհամարներ: Նա տեղեկացրել է, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը բանկային հաշիվների մնացորդները պետք է փոխանցվեն համապատասխան գանձապետական հաշիվներին, որից հետո ՊՈԱԿ-ների բյուջեները պետք է կատարվեն բացառապես այդ հաշիվների միջոցով:

Վարազդատ Մկրտչյանն անդրադարձել է նաեւ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին` հորդորելով 2019 թվականի հունվարի 1-ից հաշվապահական հաշվառման գործառույթներն իրականացնել ՀԾ հաշվապահ 7 ծրագրով:

Խորհրդակցությանը 2018-2019 ուսումնական տարվա ընթացիկ հարցերին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը: Նա մասնավորապես ներկայացրել է Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարությունների կողմից իրականացված եւ նախատեսվող ծրագրերը` կարեւորելով դրանց նշանակությունը աշակերտների շրջանում: Սոնյա Բուդաղյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների տվյալները, համընդհանուր ներառական կրթության արդյունքում առաջացած խնդիրները եւ մի շարք այլ հարցեր մարզպետարան ներկայացնելու անհրաժեշտությանը` այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետն ընդգծել է, որ կրթության ոլորտն իր համար ամենաթիրախայինն է: Եվ նա տնօրեններից ակնկալում է համագործակցված աշխատանք` ի շահ Հայաստանի Հանրապետության կիրթ եւ բանիմաց քաղաքացի դաստիարակելու. <<Ինձ համար առաջնային են միայն ու միայն աշակերտների շահերը: Իմ խնդրանքն է, որ աշակերտներին վերաբերվեք որպես անհատականությունների եւ թույլ տաք նրանց արտահայտել իրենց կամքը: Իմ ցանկանկությունն է նաեւ, որ նրանք լավ պայմաններով ապահովված դպրոցներ հաճախեն, չունենան ջեռուցման եւ շատ ու շատ այլ խնդիրներ>>:

Նա անդրադարձել է նաեւ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվող մրցույթները բաց եւ թափանցիկ պայմաններում իրականացնելու անհրաժեշտությանը եւ ընդգծել, որ մրցութային հանձնաժողովի հետ կապված անվստահության դեպքում յուրաքանչյուրը կարող է դիմել մարզպետարանի համապատասխան վարչություն` առաջացած խնդրին լուծում տալու համար:

Խոսելով նաեւ դպրոցների կողմից թույլ տրվող անօրինականությունների մասին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը կոչ է արել խստիվ բացառել նմանատիպ երեւույթները կրթօջախներում` լրջագույն խնդիրներից խուսափելու համար: Նա հորդորել է տնօրեններին վերանայել իրենց գործելաոճը եւ աշխատել նորովի:

<<Ես չեմ եկել, որ ձեզ ասեմ դիմացեք, ես եկել եմ, որ միասին աշխատենք եւ ողջամիտ ժամանակահատվածում մեր առջեւ ծառացած խնդիրները լուծենք: Մենք միայն պետք է գիտակցենք, որ այժմ հնարավորություններն անսահմանափակ չեն…, իսկ մարզպետարանն այլ ծախսերի համար նախատեսված բյուջե չունի, եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող որեւէ խնդիր լուծել>>,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40