Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համբարձում Մաթեւոսյանն այցելել է <<Արմենիան Լայթհաուս>> բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ
29.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նոյեմբերի 28-ին այցելել է Պտղունք համայնքում գործող <<Արմենիան Լայթհաուս>> բարեգործական հիմնադրամի (ԱԼԲՀ) հայաստանյան գրասենյակ, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հիմնական գործունեությանը եւ իրականացվող ծրագրերին:
Բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ Անժելա Թորոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, սենյակների բաշխվածությանը, դրանցում իրականացվող արհեստագործական, ուսումնական, հոգեւոր դասընթացներին, մատուցվող բժշկական, հոգեբանական եւ այլ ծառայություններին:
Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը` ԱԼԲՀ-ի տնօրենի տեղակալը նշել է, որ իրենց համար գերխնդիր է հանդիսանում մանկատներում հայտնվող երեխաների թվի սահմանափակումը: Անժելա Թորոսյանը մարզպետին տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող <<Մայրատուն>> ծրագրի շրջանակում այսօր բռնության զոհ դարձած 17 կին եւ 27 երեխա ապահովված է ապաստարանով: Բացի այդ նրանք Արմենիան Լայթհաուսում մասնակցում են տարբեր դասընթացների եւ ձեռք են բերում աշխատանքային նոր հմտություններ:
Մարզպետին ներկայացվել են նաեւ <<Post Shelter>>, <<Պնակ մը կերակուր>>, <<Աստվածաշնչի սերտողություն>>, <<Հովանավորի ընտանիք>>, <<Հույսի ճրագ>> եւ այլ ծրագրերի միջոցով հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկները եւ դրանց նշանակությունը շահառուների շրջանում:
Արմենիան Լայթհաուսում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը փոխտնօրենի եւ այլ պատասխանատուների հետ քննարկել է հիմնադրամի առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք մանրամասներ: Անդրադարձ է եղել նաեւ Պտղունքի միջնակարգ դպրոցի վերանորոգման հարցին, որը նախատեսվում է լուծել միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության համատեղ աջակցությամբ: