Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկայացրել է <<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲ-ի նորանշանակ տնօրենին
03.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոց և բուժանձնակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Գոռ Ասատրյանին:
Ողջունելով ներկաներին` մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:
Ներկայացնելով նորանշանակ տնօրենին`մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համոզմունք է հայտնել, որ Գոռ Ասատրյանի և կրթությունը, և փորձառությունը, և նրա կողմից ներկայացված ոլորտի զարգացման հեռանկարային ծրագիրը կարևոր նախապայման են հանդիսացել հիվանդանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ տնօրենի նշանակումը կատարել է օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Անդրադառնալով հիվանդանոցի ոչ բարվոք պայմաններին` մարզպետը նշել է, որ պարտադիր չէ լինել բժիշկ` հասկանալու համար, թե ինչ վատ պայմաններում է գտնվում հիվանդանոցը: Նա վստահեցրել է, որ հիվանդանոցում լինելու են գլոբալ փոփոխություններ, նոր լուծումներ, որոնք բերելու են բարեկարգ և զարգացող հիվանդանոց ունենալու տեսլականի իրականացմանը: Այդ համատեքստում նա կարևորել է համատեղ ջանքերի ներդրումը և համագործակցված աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին վստահության համար` նորանշանակ տնօրենը հավաստիացրել է, որ թիմային աշխատանքի արդյունքում հիվանդանոցում կստեղծեն լավագույն պայմաններ, կապահովեն որակյալ բուժսպասարկում` գոհացնելով բոլոր այցելուներին: Նա խոստացել է իր գիտելիքները, փորձն ու հմտությունները ներդնել ի նպաստ հիվանդանոցի զարգացման և նշել է, որ առ ոչինչ կլինեն իր խոսքերը, եթե մեկ տարի հետո հիվանդանոցում լուրջ, դրական փոփոխություններ չլինեն:
Նորանշանակ տնօրենին բուժանձնակազմին ներկայացրելուց հետո մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել ընդհանուր շենքային և աշխատանքային պայմաններին, բաժանմունքների գործունեությանն ու տեխնիկապես հագեցվածությանը, այցելել հիվանդասենյակներ, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով և սպասարկման որակով: