Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

07.12.2018

Սիրելի հայրենակիցներ, գուցե ազգային հատկանիշ է, երբ ամեն դժվարին կացության մեջ հույս ենք գտնում, իսկ ողբերգության մեջ` մխիթարություն: Այնուամենայնիվ, միշտ մի առեղծվածային ուժ ենք ստացել, ապավինել ու ապրել: Այդպես շարունակում ենք նաև այսօր:

Արդեն 30 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Այդ սարսափելի աղետը 47 վայրկյանների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց անօթևան:

Սարսափելի աղետ, որի բերած կորստի ու ողբերգության ցավը արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, և համայն մարդկության ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա` անկախ աշխարհագրական հեռավորությունից, քաղաքական հայացքներից ու գաղափարախոսությունից: Ողջ աշխարհն իր մարդասիրությունն ուղղեց մեր ողբերգությանը` մեկ անգամ ևս ապացուցելով, որ ուրիշի ցավ չի լինում, ուրիշի վիշտ չկա: Այդ դժվարին օրերին <<բարեգործություն>> բառն իր իրական արտահայտությունն ու հասցեն գտավ մեր երկրում:

Այս 30 տարիների ընթացքում միգուցե սպիացել են վերքերը, սակայն անհնար է մարդկանց հիշողությունից ջնջել այդ արհավիրքի պատկերները: Բայց, ինչպես ճակատագիրն է ցույց տալիս, հայը անկոտրում տեսակ է. շարունակում է պայքարել, արարել և հույսով լցվել դեպի վաղվա օրը: Իսկ 1988 թվական տեսած մարդկանց հոգիներում ապրելու ցանկությունն ավելանում է ամեն մի նոր ծնվող մանկան ճիչով, ամեն մի բնակարանամուտով և ամեն մի կյանքի կոչվող նախաձեռնությամբ, որը տանում է դեպի պայծառ ապագա:

Միշտ հավատարիմ իմ արմատներին և իմ մեջ կրելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժի գենետիկ հիշողությունը` ցանկանւմ եմ, որ աշխարհում նման ողբերգություններ այլևս տեղի չունենան, մարդիկ ապրեն առավել անվտանգ պայմաններում և զերծ մնան արհավիրքներից:
Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28