Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ

09.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները և նախանշվել են 2019-ի անելիքները:

Մարզպետը նախ անդրադարձել է համայնքների` սեփական եկամուտների 90,4 տոկոս կատարողականի ապահովմանը`ընդգծելով, որ հավաքագրման ընդհանուր արդյունքը գոհացնող չէ, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն այսուհետ պետք է համակարգված բնույթ կրեն:

Անդրադառնալով համայնքներում նախորդ տարի իրականացված պլանային և արտապլանային իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքներին, և դրանք, ընդհանուր առմամբ, գնահատելով դրական` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել նաև 2018 թվականի 4-րդ եռամսյակում ընդգրկված համայնքներում նախատեսված համապատասխան աշխատանքները, որոնք հետաձգվել են ժամանակի սղության պատճառով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզի 2019 թվականի գործունեության ծրագիրը, որը, ըստ մարզպետի, պետք է առաջին հերթին լինի իրատեսական, հասանելի բնակչությանը և ի շահ մարզի. <<Չպետք է խուսափենք այս փաստաթղթում հեռահար ծրագրեր ընդգրկելուց, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը>>:

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև դպրոցներում ընդհանուր ջերմաստիճանի վերանայմանը` հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին աշխատանքներ տանել կրթօջախներում մինչև երկուշաբթի ջերմաստիճանը +17-18 աստիճանի հասցնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև աղբահանության իրականացման նկատմամբ հսկողության խստացմանը, համայնքների բյուջեների քննարկման հրապարակայնության ապահովմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:23:38