Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

19.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի ստեղծագործողների, ընթերցասերների հետ միասին այսօր Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Պոետն աշխարհ հիացրեց, Աստված իրեն` պոետին» խորագիրը կրող միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին և կիսվելով մեծանուն բանաստեղծի մասին իր խոհերով` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է. «Հովհաննես Թումանյանին ծանոթացել եմ ծնողներիս օգնությամբ, երբ առաջին անգամ նրա հեքիաթներից ինձ հասանելի դարձավ «Ոսկու կարասը», «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը»…: Հատկապես մեր մանկության տարիներին Թումանյանն ամենուր էր. մուլտֆիլմերում «Քաջ Նազարն» էր, ֆիլմերում՝ «Տերն ու ծառան», իսկ իմ մանկության քաղաք Գյումրիում «Անուշն» էր:

Եթե աշխարհն ունի Հանս Քրիստիան Անդերսեն, և նրանց մտածելակերպի մեջ կա Անդերսենը, ապա համայն հայության համար կա Հովհաննես Թումանյան: Էլ ավելի լավ չէի կարող փաստել ասվածը, եթե չլիներ Չարենցի հետևյալ խոսքը. «Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան,
բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության...»:

Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև մեծն պոետի հասարակական գործունեությանը` ընդգծելով, որ 1914 թվականից սկսած նա ջանք ու եռանդ չի խնայել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնելու, աջակցելու, իսկ որբացած մանուկներին սիրելի Էջմիածին տեղափոխելու հարցում:

Գիրք նվիրելու օրվա առթիվ էլ Համբարձում Մաթևոսյանը մարզային գրադարանին է նվիրել «Մատյան Ողբերգություն» երկի անգլերեն թարգմանությունը` ասելով. «Ամենահաճելի գործը, իմ կարծիքով, այն է, երբ մարդ արարածը կարող է իր մտքերը փոխանցել գրքի միջոցով: Մենք խոսեցինք մեծ վարպետի, ուսուցչի մասին, ամեն մարդ ունի իր մեծ ուսուցիչը, մենք սովորելով առարկան, ավարտելով, չենք հիշում առարկան, չենք հիշում մեթոդները, բայց հիշում ենք ուսուցչին: Ինձ համար մեծ ուսուցիչ էր Թոմաս Սամուելյանը: Նրա կատարած մեծ գործերից մեկը Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» թարգմանությունն է հայերենից անգլերեն, որը, կարծում եմ, լիարժեք է ստացվել»:

Հոբելյանական միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանը, Արմավիրի գրողների միության նախագահ, գրող հրապարակախոս, «Հայրենականչ» թերթի խմբագիր Ռաֆայել Սահակյանը` մանրամասներ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության վերաբերյալ: Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն էլ ասմունքի, երգի և բեմադրության միջոցով ներկայացրել են գրադարանավարները, գրադարանի հավատարիմ ընթերցողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28