Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպել է Վարդանաշեն համայնքի բնակիչների հետ

25.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մարզպետարանում հանդիպում է ունեցել Վարդանաշեն համայնքի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներհամայնքային մի շարք խնդիրներ, անդրադարձ է եղել նաև համայնքի ղեկավարի պաշտոնում լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արթուր Մանուկյանի վերընտրվելուն:

Անդրադառնալով վարդանաշենցիների դժգոհություններին` Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել Վարդանաշենում ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծմանը: Ըստ նրա` իր կողմից նախաձեռնած կարճ բանակցությունների արդյունքում, բավարարելով ժողովրդի պահանջը,  համայնքի ղեկավարը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ավագանուն: Այնուհետև օբյեկտիվ հիմունքներով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի բնակիչ չհանդիսացող և նախատեսվող ընտրություններին առաջադրվելու հնարավորություն չունեցող մի անձ` կողմերից որևէ մեկի շահերը չոտնահարելու նպատակով:

Համբարձում Մաթևոսյանը վարդանաշենցիներին վստահեցրել է, որ արել է հնարավորը` նրանց պահանջը խաղաղ ճանապարհով բավարարելու և փետրվարի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները հավասար մրցակցային պայմաններում և օրենքի շրջանակներում կազմակերպելու համար. <<Անկախ ձեր շարունակվող դժգոհություններից` կարող ենք փաստել, որ օրեր առաջ տեղի ունեցած բաց և թափանցիկ ընտրությունների արդյունքում առաջադրված երկու թեկնածուներից վերընտրվել է նախորդ համայնքապետը: Այսօր մենք ունենք փաստացի արձանագրված ընտրության արդյունքներ և վերընտրված համայնքապետ: Իսկ թե այսուհետ ինչ կերպով նա կիրականացնի իրեն վերապահված գործառույթները, ապա տեղեկացնեմ, որ ընտրության հաջորդ օրը հանդիպում եմ ունեցել Արթուր Մանուկյանի հետ, ներկայացրել եմ կառավարության ակնկալիքները և առաջարկել վերանայել իր գործելաոճը: Դուք ինքներդ պետք է այսուհետ վերահսկողություն սահմանեք համայնքի ղեկավարի կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ, մասնակցեք համայնքային հարցերին վերաբերող հանրային լսումներին և մասնակից դառնաք համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին>>:

Հանդիպման ավարտին մարզպետը վարդանաշենցիներին վստահեցրել է, որ նրանց կողմից փաստական դժգոհություններ ներկայացնող դիմումի հիման վրա և լիազոր մարմնի հետ համաձայնության արդյունքում` Վարդանաշեն համայնքում մարզպետարանի աշխատանքային խումբը արտապլանային իրավական և մասնագիտական հսկողություն կիրականացնի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28