Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել ազատամարտիկ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի հիշատակին

06.04.2019

Ազատամարտիկ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, Օսիպյանի այրի Ռաիսա Պողոսովայի, հարազատների և մերձավորների հետ այսօր այցելել է Զվարթնոց թաղամասի եղբայրական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ազատամարտիկի հիշատակին: Նիկոլայ Օսիպյանի շիրիմի մոտ տեղի է ունեցել նաև հոգեհանգստի արարողություն։

Այնուհետև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկի մահվան տարելիցի կապակցությամբ հուշաքար է տեղադրվել այն տան պատին, որտեղ նա ապրել է: Հուշաքարի բացման պատիվը վերապահվել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Զոհվածի այրու նախաձեռնությամբ պատրաստված հուշաքարի վրա գրված է. <<Այս տանը ապրել է ապրիլյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Նիկոլայ Սարգսի Օսիպյանը>>:

Ողջունելով ներկաներին և իր խոնարհումը հայտնելով Նիկոլայ Օսիպյանի հիշատակին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է. <<Նիկոլայ Օսիպյանն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, նա միշտ կանգնած է եղել առաջնագծում, պայքարել հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն հող ու ջրի, հանուն պետականության և հանուն խաղաղության:

Եվ երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն ավարտված է, հայրենիքի հանդեպ պարտքը մատուցված է` 2016 թվականի ապրիլ ամսին վրա հասավ չարաբաստիկ ապրիլյան պատերազմը: Եվ Օսիպյանը չկարողացավ հանգիստ նստել, մասնակցություն չունենալ ռազմական գործողություններին` գիտակցելով, որ թշնամուն պետք է լրջորեն հակազդել: Եվ նա դարձյալ մեկնեց սահման: Նրա մարտնչող ոգին նրան մղեց առաջնագիծ, և նա պայքար մղեց իր մարտական ընկերների հետ միասին:

Ցավոք սրտի, քառօրյա պատերազմում մեր արյունոտ սահմանները գծվեցին նաև Նիկոլայ Օսիպյանի արյամբ: Եվ այսօր նրա և իր նման քաջերի շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, ունենք կայուն, անսասան պետական սահմաններ և այդ ամենի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր հերոսներին և այս միջոցառմամբ էլ հիշում ենք մեծ մարդու մեծ սխրանքները:
Հավերժ հիշատակ և փառք ու պատիվ մեր հերոս ազատամարտիկին>>:

Հուշաքարի բացման արարողությունից հետո մարզպետն այցելել է Նիկոլայ Օսիպյանի բնակարան, նրա հիշատակի անկյունում ծանոթացել հերոս ազատամարտիկի կենդանության օրոք և հետմահու ստացած կոչումներին և պարգևներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28