Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին

10.04.2019

ՀՀ Արմավիրի մաարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, այսօր ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրված են մարզում ջերմոցային տնտեսություններ հիմնելու հնարավորություններով:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով մարզի գյուղատնտեսական ներուժն ու հիմնական առանձնահատկությունները` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ որոշ համայնքներում ջերմոցային տնտեսությունները բավականին զարգացած են, և բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսության հենց այդ ուղղությամբ, որը բավականին շահութաբեր է: Նա իր խոսքում նշել է, որ բավականին մեծ է շահագրգռվածությունը մարզում ներդրումների ծավալն ընդլայնելու հարցում, և այդ համատեքստում կարևորել է իրանցի ներդրողների հետ համագործակցությունը` վստահեցնելով, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու գործարարներին տեխնիկական և այլ բնույթի հարցերում` արհեստական խոչընդոտները բացառելու նպատակով:

Մարզպետը հյուրերին ներկայացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը` մատնանշելով ոլորտի զարգացմանն ուղղված հիմնական ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացրել է ներդրումային այն ծրագրերը, որոնք իրանական կողմը պատրաստ է իրականացնել մարզում: Այդ ծրագրերից են` վարդի և արդյունաբերական ջերմոցների հիմնումը, ջերմոցային համալիրի կառուցումը: Գործարարների հավաստմամբ` համապատասխան հնարավորությունների ընձեռման դեպքում այս ամենը կիրականացվի անհամեմատ բարձր որակով և մատչելի գնով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Վաղարշապատի տարածաշրջանում 2 հեկտար տարածության վրա իրանցի գործարարի կողմից 800 հազար ԱՄՆ դոլարի շրջանակում նախատեսվող ջերմոցային տնտեսության կառուցումը, որը կիրականացվի նորագույն տեխնոլոգիայով և օրինակ կհանդիսանա պատվիրատուների համար:

Հանդիպման ավարտին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը ներդրողներին աջակցելու և բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28