Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քայլերթ, հարգանքի և երախտագիտության տուրք՝ հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին

09.05.2019

Մարզկենտրոն Արմավիրում այսօր մեծ հանդիսությամբ նշվել է մայիսյան եռատոնը։ Տոնական օրը մեկնարկել է քայլերթով, որն առաջնորդել են մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Քայլերթին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզում տեղակայված հայկական և ռուսական զորամասերի հրամանատարական կազմը, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները:

Քայլերթը սկսվել է Արմավիրի քաղաքային հրապարակից, շարունակվել դեպի Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձան, ապա քաղաքային զբոսայգի՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթող։

Մարզպետարանի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցները տոնական օրվան նվիրված քայլերթին հանդես են եկել «Անմահների գունդ» և «Զինվորի թաշկինակ» ակցիաներով՝ ներկայացնելով Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում իրենց մերձավորների հերոսական ուղին և արտահայտելով իրենց բացասական վերաբերմունքը պատերազմների նկատմամբ։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը միջոցառման մասնակիցների հետ երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

Մայիսյան հաղթանակների կապակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին` կարևորելով հաղթանակների բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: <<Այսօր հպարտությամբ փաստում ենք, որ կրկնակի դարձած այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ ապրելու և արարելու իրավունքը>>,- նշել է մարզպետը` իր խոնարհումը հայտնելով հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակին:

Մարզպետն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ կազմակերպված դաշտային խոհանոց և շնորհավորել ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումն ամփոփվել է համերգային ծրագրով` մասնակցությամբ Արմավիրի մշակույթի տան և արվեստի դպրոցների սաների։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28