Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

21.06.2019

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները:

Օրակարգային առաջին՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի նիստի օրակարգը հաստատելու մասին>> հարցով Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը մարզի խորհրդի հաստատմանը ներկայացրեց իր սահմանած Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի նիստի օրակարգը:

Օրակարգային երկրորդ՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների միավորման նախնական տարբերակների քննարկում>> հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց կառավարության մոտեցումը խոշորացման ճանապարհով համայնքների միավորման գործընթացին` բացառելով քաղաքական գործոնը և ընդգծելով ընդհանուր հատման տարածք ունենալու կարևորությունը, ենթակառուցվածքների նշանակությունը, մշակութային և պատմական առանձնահատկությունները: Համայնքների միավորումը (խոշորացումը), ըստ մարզպետի, վերաբերում է միայն համայնքների կառավարման մեթոդի փոփոխությանը, և այդ գործընթացը որևէ կերպ չի անդրադառնալու դպրոցների, մանկապարտեզների և համայնքներում գործող այլ կառույցների վրա: <<Համայնքների խոշորացման ծրագրի նպատակն է համայնքի կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ` միաժամանակ իրականացնելով ապակենտրոնացված կառավարում>>,- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Մաթևոսյանը:

Անդրադառնալով 2015 թվականից մեկնարկած համայնքների խոշորացման գործընթացին` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկացրեց, որ 10-ը մարզերի համայնքների կեսից ավելին արդեն միավորվել են,որի արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետությունում 52 միավորված համայնք կա: Ներկայացնելով գործընթացի մանրամասները` նա մասնավորապես նշեց,որ առաջնորդվելով համայնքների խոշորացման հիմքում ընկած մոտեցումներով, մի քանի համայնք միավորվելու են` դառնալով մեկը: Միավորված համայնքի բնակչությունն ընտրելու է իր համայնքի ղեկավարին և ավագանուն: Մյուս բնակավայրերում կլինի մեկ վարչական ղեկավար, ով օրենքով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակում կունենա մի շարք գործառույթներ, այդ թվում` ձայնի իրավունք` միավորված համայնքի ավագանու նիստում:Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծրագրի շրջանակում հանրային լսումներ են իրականացվելու բոլոր համայնքներում, որի ընթացքում ոլորտի պատասխանատուները բնակիչներին կներկայացնեն մյուս մարզերում իրականացված միավորման ծրագրերի արդյունքները, կպարզաբանեն նրանց հուզող հարցերը:

Օրակարգային հարցի քննարկման ընթացքում համայնքապետերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը նախատեսվող ծրագրի վերաբերյալ` հույս հայտնելով, որ այն նպատակին կծառայի և կարդարացնի բնակչության սպասումները:

Օրակարգային երրորդ՝ <<Սահմանային գոտում գտնվող հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով անցագրեր տրամադրելու խնդիրների վերաբերյալ>> հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը նշեց,որ մարզի համայնքներ կատարած այցելությունների ընթացքում մարզի մի շարք համայնքների ղեկավարների,ինչպես նաև բազմաթիվ բնակիչների կողմից մտահոգություններ են արտահայտվել սահմանային գոտում գտնվող և սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով անցագրեր տրամադրելու խնդիրների վերաբերյալ:Մարզպետը հիշյալ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների առնչությամբ պարզաբանման կարգով տեղեկացրեց,որ համապատասխան մարմինների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված գործընթացը պարզեցված կարգով իրականացնելու նպատակով:Համապատասխան մարմինների,համայնքների ղեկավարների և հողօգտագործողների փոխհամաձայնությամբ որոշվող ժամկետներով անցագրերը կտրամադրվեն օրվա ցերեկային ժամերի համար,սահմանված ընթացակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման պայմանով:

Օրակարգային չորրորդ՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ու համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը առ 01.06.2019 թ. դրությամբ>> հարցի կապակցությամբ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վ.Մկրտչյանը համապատասխան տեղեկատվությամբ ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ու աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը առ 01.06.2019 թ. դրությամբ:

Նա մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1391078,7 հազար դրամի դիմաց կազմել է 926611,8 հազար դրամ, կատարողականը` 66,6 տոկոս: Ըստ նրա` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,2 տոկոսով:

Վ.Մկրտչյանը ներկայացրեց նաև համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ հունիսի 1-ի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 16 համայնք և այն կազմում է 17879,4 հազար դրամ: Վ.Մկրտչյանը ներկայացրեց խոշոր հարկատուների կողմից տարիներ շարունակ չվճարած հողի հարկին և գույքահարկին` տեղեկացնելով, որ այդ հարկատուների մասով չվճարած գումարը կազմում է 338488,9 հազար դրամ,իսկ խոշոր հարկատուների կողմից տարիներ շարունակ չվճարած հողի հարկի և գույքահարկի վարձակալության մասով չվճարված գումարը առ 15.06.2019 թ. դրությամբ կազմում է՝ 19721,3 հազար դրամ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը անդրադառնալով քննարկվող օրակարգային հարցին` խիստ կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը և աշխատավարձերի պարտքերի մարումը: Նա նշեց, որ անհրաժեշտ է ակտիվ և համախմբված աշխատանքներ իրականացնել խոշոր հարկատուների կողմից չվճարված գումարները գանձելու և համայնքային բյուջե մուտքագրելու ուղղությամբ` փաստելով, որ այդ գումարներն են նպատակաուղղվելու համայնքներում առկա խնդիրների լուծմանը: Մարզպետը միաժամանակ նշեց, որ արտոնյալ հարկատուներ չպետք է լինեն և քննարկվող հարցը գտնվում է ինչպես մարզպետի,այնպես էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի անմիջական հսկողության տակ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը,անընդունելի համարելով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշները, համայնքների ղեկավարներին առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք առավելագույնի հասցնելու և աշխատավարձերի պարտքերը մարելու համար:

Օրակարգային հինգերորդ՝<<Բերքահավաքի ընթացքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում>> հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ա.Այվազյանն իր զեկուցմամբ նշեց, որ 2019թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզում ցանքատարածությունները կազմել են 26773,9 հեկտար: Գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվել է 43103,74 հեկտար՝ ներառյալ բազմամյա տնկարկները, որից պտուղ - 9414,7 հեկտար, խաղող – 6915,14 հեկտար:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ա.Այվազյանը միաժամանակ նշեց նաև,որ գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության և մարզպետի ուշադրության կենտրոնում:Ի դեպ,գյուղատնտեսական մթերքների իրացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերամշակող կազմակերպությունների և արտահանող սուբյեկտների հետ կազմակերպվել են մի շարք խորհրդակցություններ, հանդիպումներ:

Ներկա պահին մարզում ընթանում է կարտոֆիլի և բաց գրունտի բանջարեղենի բերքահավաքի աշխատանքները, ինչպես նաև ջերմոցային տնտեսություններում բանջարեղենի տարբեր տեսակների մշակության և բերքահավաքի աշխատանքները, ավարտվել է կեռասենու բերքահավաքը և ընթանում է հացահատիկի և ծիրանի ընտրովի բերքահավաքը, որը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կթևակոխի մասսայական բերքահավաքի փուլ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը, ելնելով հարցի կարևորությունից, ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց՝ համայնքների ղեկավարների հետ համատեղ հետևել բերքահավաքի ընթացքին և խոչընդոտ հանդիսացող որևէ խնդրի առկայության դեպքում իրազեկ պահել ՀՀ Արմավիրի մարզպետին,համատեղ քննարկմամբ հնարավոր լուծումներ տալու համար:

Օրակարգային հարցերի քննարկման ու ամփոփման ավարտից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանը մարզի խորհրդի նիստը հայտարարեց ավարտված: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23