Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները

28.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության և <<ԱԼՏ>> հեռուստաընկերության նախաձեռնությամբ <<Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում>> ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում` մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԷԵԲՊՆ նախագահի տեղակալ Հարություն Գուլյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, ՋՕԸ-երի տնօրենների, համայնքապետերի և ջրօգտագործողների մասնակցությամբ:

Հանդիպման մասնակիցներին ծրագրի պատասխանատուները նախ ներկայացրել են մարտ ամսից մինչ այսօր իրականացված ուսումնասիրությունների արդյունքները` կարևորելով պետական միջոցներով և այլ ծրագրերով համակարգում կատարվող ներդրումների արդյունավետ օգտագործումը, որը կբերի ոլորտում առկա խնդիրների հաղթահարման և գյուղացիական տնտեսությունների դժգոհությունների նվազման:

Անդրադառնալով Արմավիրի մարզում ոլորտին առնչվող խնդիրներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ բավականին ծրագրեր կան ընդհանուր համակարգի բարելավման հետ կապված, սակայն մինչ դրանց իրագործումը պատկան գերատեսչության, մարզպետարանի, ՋՕԸ-երի և համայնքապետարանների կողմից արվում է հնարավորը` ընթացիկ հարցերը լուծելու և ոռոգման շրջանը հնարավորինս առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Կարևորելով ոլորտում առկա ֆինանսական խնդիրների լուծումը` մարզպետն ուրախությամբ փաստել է, որ ՋՕԸ-երն առաջիկայում փոխհատուցում կստանան պետության կողմից` համակարգում գոյացած կրեդիտորական պարտքերը մարելու նպատակով:

ԷԵԲՊՆ նախագահի տեղակալ Հարություն Գուլյանն էլ հավաստել է, որ Արմավիրի մարզում ոռոգման շրջանին բնորոշ լուրջ խնդիրներ այժմ չկան, իսկ ընթացիկ խոչընդոտները փորձում են արագ կարգավորել մարզպետարանի և ՋՕԸ-երի հետ ամենօյա գրաֆիկով իրականացվող աշխատանքի արդյունքում: <<ՋՕԸ-երի ամենամեծ խնդիրը ներտնտեսային ցանցերն են: Համապատասխան ծրագով այս տարի նախատեսված է 250 կմ ներտնտեսային ցանցի կառուցում, որից 91 կմ-ն Արմավիրի մարզում>>,- անդրադառնալով ոլորտում առկա հիմնական խնդիրներին` նշել է Հարություն Գուլյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Արտաշար, Եղեգնուտ և Զարթոնք համայնքներում առաջիկայում 8 նոր խորքային հոր կհորատվի, ևս 8-ն էլ կվերականգնվի:

Քննարկումն ամփոփվել է հարց ու պատասխանով, որի ընթացքում անդրադարձ է եղել ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների, ներկայացվել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու նախատեսվող ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-14 18:14:39