Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է համայնքային այցերը

15.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շարունակում է համայնքային այցերը: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այսօր եղել է Բաղրամյան և Շենիկ համայնքներում:

Բաղրամյան համայնքում Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է համայնքի Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան շենքի նորոգման սուբվենցիոն ծրագիրը, որի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է: Ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական դրամ է: Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Բաղրամյան կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև համայնքի տարածքում գտնվող և այժմ մասամբ շահագործվող նախկին վարչական և երկու կիսակառույց բազմաբնակարան շենքերի ընդհանուր պայմաններին, համայնքապետի հետ քննարկել դրանց վերանորոգման, վերակառուցման և նպատակային օգտագործման հարցերը: Համբարձում Մաթևոսյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է նաև դպրոցում ջեռուցման համակարգի ներդրման և համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման տարբերակները` վստահեցնելով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կընդառաջի դրանց իրագործմանը:

Բաղրամյանում Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև «Արաբոյի և ֆիդայիների» թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։

Այնուհետև մարզպետն այցելել է Շենիկ համայնք, հանդիպում ունեցել քուվեյթցի գործարարի հետ, ով 1200 հա հողատարածք է ձեռք բերել Բաղրամյան (1000 հա) և Շենիկ (200 հա) համայնքներից և այժմ զբաղվում է այդ տարածքները մելորացնելու աշխատանքներով, որոնց ավարտից հետո, ըստ գործարարի, կսկսեն ինտենսիվ այգիների հիմնումը:

Շենիկում Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև համայնքի մշակույթի տուն, ծանոթացել շենքային պայմաններին, ընթացող վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են պետական աջակցությամբ` մոտ 200 մլն դրամի շրջանակում: Մարզպետին ներկայացվել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով Շենիկում իրականացվող ոռոգման ցանցի խողովակաշարի` 3 կմ-ի չափով մայր ջրանցքին միացման ծրագրի ընթացքը, որի արդյունքում համայնքի 250 տնտեսության շուրջ 33 հա տնամերձ հողատարածք կունենա մշտական ոռոգման ջուր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 42 մլն դրամ, որից 29 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, իսկ 13 մլն համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

Շենիկում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանում: Մարզպետին ներկայացվել է, որ կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Նշվել է, որ կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Կայանը տարվա կտրվածքով ապահովում է շուրջ 1600 Մվտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն:

Մարզպետի այցը Շենիկ ամփոփվել է «Սպայկա» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգիներ շրջայցով: Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի և 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը բավական արդյունավետ է և մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը: Նշվել է, որ ինտենսիվ տեխնոլոգիայով այգու մշակումը մեծացնում է նաև տեխնիկայով աշխատելու հնարավորությունը, ինչի արդյունքում ձեռքի աշխատանքը հասցվում է նվազագույնի: Այգին ամբողջությամբ ծածկված է հակակարկտային ցանցերով:

Բաղրամյան և Շենիկ համայնքներ կատարած այցի ընթացքում մարզպետը համայնքապետերի հետ քննարկել է նաև համայնքային նշանակության մի շարք այլ հարցեր, անդրադարձել ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33