Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամորում հանդիսավորությամբ նշվել է քառօրյա պատերազմում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան տարեդարձը

12.08.2019

ՀՀ Արմավիրի մարզի Մեածմոր քաղաքում այսօր հանդիսավորությամբ նշվել է Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված Սաշա Գալստյանի ծննդյան 23-րդ տարեդարձը, որը նշանավորվել է Գալստյանների տան բակում քանդակագործ Արթուր Բաղդասարյանի հեղինակած հուշարձան-ցայտաղբյուրի բացմամբ` նվիված Սաշայի և քառօրյա պատերազմի մյուս 170 զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառմանը Գալստյանների ընտանիքի անդամների, ապրիլյան մարտերում և Արցախի պաշտպանության դիրքերում զոհվածների ծնողների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

Միջոցառումը սկսվել է հայրենիք, ժողովուրդ, հավատ և հավերժություն խորհրդանշող հուշարձան-ցայտաղբյուրի բացմամբ, որի պատիվը վերապահվել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, ապրիլյան հերոս Սաշայի հայրիկին` Վաչագան Գալստյանին, և նրանց ընտանիքի բարեկամ, «Թերմորոս-Ար» ընկերության տնօրեն Խորեն Քոթանջյանին: Այնուհետև տեղի է ունեցել հուշարձան-ցայտաղբյուրի օծման ու օրհնության կարգ, որն իրականացրել է Արմավիրի թեմի առաջնորդը:

Սաշա Գալստյանի ծննդյան 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը շարունակվել է Մեծամորի մշակույթի տանը: Այն կրել է «Սպիտակ խալաթով բժիշկը» խորագիրը` պայմանավորված Սաշայի մասնագիտությամբ:

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է. «Այսօր մեզ այս հարկի տակ է համախմբել ապրիլյան մարտական գործողություններում հերոսացած մեր քաջերից Սաշան՝ նշելու իր լուսավոր ծնունդն ու ոգեկոչելու անմահ հիշատակը։ Իսկ մենք մեր ներկայությամբ վերահաստատում ենք, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել։

Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ դրոշմված է քառօրյա պատերազմը՝ իր բոլոր քաջերի սխրագործություններով։ Մենք անուն առ անուն հիշում ենք մեր հերոսներին և խոնարհվում նրանց հիշատակի առջև։
Արմավիրի մարզը քառօրյա պատերազմում ունեցել է 8 զոհ, ովքեր իրենց կյանքը զոհել են մեզ կյանք, խաղաղ երկինք և անվտանգ պետություն պարգևելու համար։ Հավերժ փառք ու պատիվ մեր առյուծասիրտ տղաներին և հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված բոլոր հերոսներին։

Ամեն անգամ, երբ ծանոթանում եմ մեր հերոս տղաների սխրանքներին, նրանց մարտական գործողություններին` աննկարագրելի հուզմունք և հպարտություն եմ ապրում: Նրանք թշնամու դեմ անհավասար պայքարում իսկապես արել են անհնարինը։ Մեր լուսահոգի Սաշայի կենսագրությանը ծանոթանալու ընթացքում իմ մեջ խորը հետք է թողել նրա կյանքի վերջին ժամերը ներկայացնող այն դրվագը, երբ նա դիրքեր շտապող իր հրամանատարին հարցրել է, թե արդյոք կարելի է կրակել այն զենքով, որով մինչ այդ չի կրակել։ Հրամանատարի դրական պատասխանը ստանալուց հետո արդեն ժամեր անց Սաշա Գալստյանի գլխավորությամբ 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար է մղում թշնամու դեմ, մեծ կորուստներ հասցնում հակառակորդին և զոհվում դիպուկահարի գնդակից։

Ահա այսպիսի հրոսներ է ծնել հայ ազգը։
Սաշա Գալստյանի հարգարժան ծնողներ՝ սիրելի Վաչիկ և Սոֆի, խոնարհվում եմ նաև ձեր առջև։ Դուք լույս աշխարհ եք բերել Սաշայի նման քաջարի հայորդու և հանձնել Հայոց հողին։ Ձեզ և այդ վիշտն իրենց սրտերում կրող մյուս ծնողներին մենք՝ ապրողներս, պարտք ունենք տալու։ Հավատացած եղեք, այդ պարտքը կփոխհատուցենք մեր ամենօրյա հայրենանվեր աշխատանքի, մեր երկիրը շենացնելու անմնացորդ կամքի և այդպիսով ձեր զավակների սխրանքներին արժանին մատուցելու և նրանց հիշատակը վառ պահելու միջոցով։

Հարգարժան Վաչիկ, ես գիտեմ, թե որքան կարևոր էր Ձեզ համար Սաշայի և ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված այս հուշարձանի բացումը։ Այս կյանքի կոչված ձեռնարկով դուք հավերժացրել եք մեր տղաներին և հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև այս հայրենանվեր նախագիծը կյանքի կոչող մեր բարերարներին:

Մեկ անգամ ևս իմ խոնարհումն եմ հայտնում մեր անմահացած հերոսների հիշատակին, անմնացորդ հարգանքը՝ նրանց ծնողներին և հարազատներին։
Կեցցե՛ն մեր քաջերը։ Նրանց սխրանքն անմահ է, անունը՝ մեր սրտերում»։

Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումը շարունակվել է շնորհավորանքի և ոգեկոչման խոսքերով, նրա կյանքը ներկայացնող տիսաֆիլմերի ցուցադրությամբ, անհատ կատարողների և պարային խմբերի` օրվա խորհուրդը լրացնող ելույթներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49