Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 192-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկու եղբայրական պետությունների ռազմական համագործակցության փառահեղ էջերից համարվող Օշականի ճակատամարտի հաղթական օրվա առթիվ` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին է փոխանցել Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը, որում մասնավորապես ասված էր. <<Հայաստանում Ռուսաստանի հարգարժան դեսպան, հարգելի ներկաներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Օշականի ճակատամարտի հերթական տարելիցի կապակցությամբ, որը ռուս-պարսկական պատերազմի կարևորագույն իրադարձություններից մեկն է հանդիսանում:

Հայ-ռուսական հարաբերությունները հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Այդ հարաբերություններն իրենց արմատներով դարեր են ձգվում: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական և եղբայրական հարաբերությունները: Մեր ժողովուրդների բարեկամությունը փորձված է ժամանակով:

Օշականի ճակատամարտը ցույց տվեց, որ հայ և ռուս եղբայրական ժողովուրդը ցանկացած փորձություն կարող է պատվով հաղթահարել: 1827 թվականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից մեկն է, որի արդյունքում Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից՝ միավորվելով Ռուսաստանին: Այդ ժամանակ հին հայկական Օշական գյուղում արյունոտ պայքար էր ընթանում Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև, որն օգնության էր շտապում պարսկական ջոկատների կողմից շրջափակված Սուրբ Էջմիածին:

Մենք հիշում ենք օգոստոսի 17-ին նահատակված բոլոր հերոսներին և 1833-1834 թվականներին կառուցված այս հուշահամալիրն արտահայտում է հայ ժողովրդի խորը հարգանքը նրանց հիշատակին: Այն նաև սերունդներին վկայում է հայ և ռուս ժողովուրդների դարերից եկող անսասան հարաբերությունների մասին: Իսկ Ժողովրդների հերոսներն անմահ են, քանի դեռ ապրում է ինքը` ժողովուրդը:
Ռուսաստանի բարեկամական կերպարը և հայ ժողովրդի պատմական հիշողությունն ամուր հիմք են հանդիսանում երկկողմ փոխհարաբերությունների, դրանց հետագա զարգացման և ամրապնդման համար>>:

Օրվա առթիվ ելույթ են ունեցել նաև պաշտոնակատար այլ անձինք:

Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:

Օշականի ճակատամարտի տարելիցին նվիրված միջոցառումն ամփոփվել է զիվորական շքերթով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 12:50:24