Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

19.09.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները:

Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին` նրան մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն` միաժամանակ նկատելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել են արդյունավետ փոխգործակցել անօրինականությունների ու ապօրինությունների դեմ պայքարի հարցում:

Համբարձում Մաթեւոսյանը մարզի խորհրդի անդամներին է ներկայացրել նաեւ հունիսի 9-ին մարզի Վարդանաշեն, Ապագա եւ Նորակերտ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթող ճանաչված համայնքապետերին` շնորհավորելով եւ բարեմաղթելով նրանց:

Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում մարզում տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրություններին` մարզպետն արձանագրել է, որ բոլոր ընտրությունները կայացել են օրենքի տառին համապատասխան եւ որեւէ բողոք չի գրանցվել: Այդ գործընթացում նա բարձր է գնահատել ոստիկանության դերակատարումը եւ հորդորել նույն գործելաոճը որդեգրել նաեւ սեպտեմբերի 29-ին մարզում նախատեսված ՏԻՄ ընտրություններում:

Ամփոփելով ընտրությունների թեման` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ընտրություններն արտացոլելու են համայնքների բնակիչների ընդհանուր կամքը եւ արդարացնելու են նրանց սպասումները: Նա անթույլատրելի է համարել վարչական լծակների կիրառումը, մասնավորապես` դպրոցների տնօրենների, կառավարման խորհուրդների եւ համայնքային ենթակայությամբ գործող կառույցների վրա ճնշումների գործադրումը:

Օրակարգային հարցերի շրջանակում զեկույցով հանդես է եկել Արմավիրի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը` մասնավորապես անդրադառնալով սույն թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը Զինված ուժերի ուսումնական տարվա պլանով նախատեսված ռազմավարական զորավարժությունների նախապատրաստմանը եւ անցկացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ներկայացնել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1.647290,6 հազար դրամ, կատարողականը տարեկան 3.135415,1 հազ. դրամ պլանի նկատմամբ եղել է 52.5 % տոկոս: Ըստ նրա՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2018 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված 1.411929,2 հազար դրամի համեմատությամբ աճել է 235361.0 հազար դրամով կամ 4.6%-ով:

Անդրադառնալով օրակարգային հարցին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ողջունել է որոշ հարկատեսակների մասով մի շարք համայնքներում գրանցված հավաքագրումների աճը` համայնքների ղեկավարներին հորդորելով պահպանել այդ միտումը: Համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը չապահոված համայնքապետերին էլ մարզպետը կոչ է արել բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում եւ հնարավորինս կարճ ժամանակահատվածում բարելավել հավաքագրումների մակարդակը: <<Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շահագրգռված եղեք բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումների ցուցանիշը բարձրացնելու հարցում, քանի որ միայն այդ պարագայում է հնարավոր համայնքներում առաջնային համարվող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում>>,- իր խոսքում ընդգծել է մարզպետը:

Ներկայացնելով իր 2019 թվականի գործունեության հիմնական ցուցանիշները եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը փաստել է, որ հաշվետու տարում մարզում իրականացվել եւ ընթացքի մեջ է շուրջ 100 ծրագիր, այդ թվում` 21 հրատապ լուծում պահանջող եւ 37 սուբվենցիոն: <<Եթե որոշ համայնքապետեր եւ համայնքային ծառայողներ առավել սրտացավ եւ պատասխանատու կերպով իրականացնեին իրենց վերապահված գործառույթները, հավատացած եղեք, որ այսօր մարզում կիրականացվեին առավել մեծ թվով հրատապ լուծում պահանջող եւ սուբվենցիոն ծրագրեր>>,- նշել է մարզպետը:

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտի ծրագրերին` Համբարձում Մաթեւոսյանն ընդգծել է, որ հաշվետու տարում մարզում իրականացվում են 36 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ` հիմնանորոգում, վերանորոգում եւ մասնակի վերանորոգում:

Նա անդրադարձել է նաեւ կրթության ոլորտին` ներկայացնելով 5 դպրոցի կառուցման, եւս 5-ի գազաֆիկացման եւ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման, 1 դպրոցի հիմնանորոգման եւ մեկ այլ դպրոցի մարզադահլիճի վնասված տանիքի վերանորոգմանն ուղղված ծրագրերը: Համբարձում Մաթեւոսյանը կրթության ոլորտի կարեւոր ձեռբերում է համարել նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի ավելացումն ու մի շարք դպրոցներում խնայած միջոցներով եւ բարերարների օգնությամբ իրականացվող ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշները` մարզպետն ընդգծել է, որ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները եւ ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները եւ սառնարանային տնտեսությունները: Ըստ նրա` այժմ աշխատանքներ են տարվում ներդրողների հետ` մարզում ինտենսիվ այգիներ եւ սառնարանային տնտեսություններ հիմնելու ուղղությամբ:

Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է նաեւ մարզում նախատեսվող բնակարանաշինությանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, նախակրթարանների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվի ընդլայնմանն ուղղված ծրագրերը, ապա անդրադարձել է առողջապահության ոլորտում իրականացված եւ նախատեսվող բարեփոխումներին:

Ամփոփելով օրակարգային եւ ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 10:48:09