Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը
06.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, համայնքի ավագանու և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում այսօր ներկա է գտնվել բարերարներ Արամայիս Միրզոյանի, Կարեն և Արման Մկրտչյանների օժանդակությամբ վերանորոգված «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը:
Հյուրերին մանկապարտեզի սաներն ու դաստիարակները դիմավորել են տոնական բարձր տրամադրությամբ, ողջույնի խոսքերով, ինքնատիպ երգ ու պարով:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է քաղաքացու և ընտանիքի դերը հասարակության մեջ, որն այս տարի արտահայտվել է նաև Քաղաքացու օր տոնակատարությամբ և Մայր Աթոռի կողմից 2019 թվականը «Ընտանիքի տարի» հռչակելու հայտարարությամբ:
«Այս պատերի ներսում դաստիարակվելու են բարձր քաղաքացիական գիտակցությամբ օժտված Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները, ովքեր իրենց ընտանիքից դուրս այստեղ նոր ընտանիք են գտնելու, և այս մանկապարտեզը դառնալու է իրենց լավ ապագայի, հուսադրող կրթության հիմնաքարը»,- իր խոսքում նշել է մարզպետը` մատաղ սերդի դաստիարակության գործում կարևորելով համապատասխան պայմանների առկայությունը և մատնանշելով մարզի կրթության ոլորտում հաշվետու տարում իրականացված աննախադեպ բարեփոխումները:
Ամփոփելով իր խոսքը` նա շնորհակալություն է հայտնել բարերարներին և Էջմիածնի քաղաքապետարանին` մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը կյանքի կոչելու և պետականաշինության գործին մասնակից լինելու համար:
Սրբազան հոր օրհնությամբ կատարված բացման արարողությունից հետո բարերարների ուղեկցությամբ մարզպետը և քաղաքապետը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Նշենք, որ վերանորոգումից հետո մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու ևս 110 երեխայի, որից 55-ը կրտսեր տարիքային խմբում: Իսկ ընդունելությունը սկսվում է 2 տարեկանից: