Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին

12.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետարանում այսօր մասնակցել է քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին:

Ողջունելով ներկաներին` մարզպետն ընդգծել է, որ նման ձևաչափով սա առաջին հանդիպումն է կառավարության ներկայացուցչի և տեղեկան ինքնակառավարման մամնի անդամների միջև: Նա նշել է, որ բարձր մակարդակով աշխատանք է իրականացվում մարզի երեք քաղաքապետերի հետ` միաժամանակ կարևորելով ավագանու անդամների հետ նախաձեռնած հանդիպումը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում կարևորել է նաև Արմավիր քաղաքի` որպես մարզկենտրոն ստրատեգիական նշանակությունը, որով էլ պայմանավորված է եղել Արմավիրի քաղաքապետարանից նախադեպային համարվող ձևաչափով հանդպման մեկնարկը:

Այնուհետև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ամփոփ տեղեկություն է ներկայացրել հաշվետու տարում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ հիմնվել է 2 հա տարածքով քաղաքային երկրորդ այգին, քաղաքում տնկվել է շուրջ 1500 ծառ, կառուցվել է 500 մ երկարությամբ նոր ջրագիծ, 500 մ երկայնքով լուսավորության նոր ցանց, ևս 7000 մ էլ վերակառուցվել և արդիականացվել է:

Նա անդրադարձել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Արմավիր քաղաքում իրականացված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Սայաթ-Նովա և Մյասնիկյան փողոցների որոշակի հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներին` նշելով, որ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 21-ը, իսկ ի հայտ եկած թերությունները հաջողությամբ կվերացվեն: Դավիթ Խուդաթյանը վստահեցրել է, որ ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքում հաջորդ տարի առավել մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն:

Ներկայացվել են նաև Սիլիկյան թաղամասի հրդեհված և վթարային շենքերի 29 ընտանիքի բնակարանային ապահովման և Երևանյան փողոցի 2,07 կմ երկարությամբ ճանապարհահատվածի` պետական աջակցությամբ հիմնանորոգման ծրագրերը:

Խոսելով մանկապարտեզներում իրականացված աշխատանքների մասին` քաղաքապետը նշել է, որ վերակառուցվել է թիվ 9 մանկապարտեզը, փոխվել են բոլոր արտաքին դռներն ու պատուհանները, կառուցվել է ջեռուցման համակարգ, իսկ մարզպետարանի հետ համագործակցությամբ էլ վերանորոգվել է երկու խմբասենյակ: Հիմնանորոգվել է նաև թիվ 4 մանկապարտեզի մասնաշենքերից մեկը, կառուցվել է նոր ջեռուցման համակարգ: Վերանորոգված 9-րդ, 4-րդ, ինչպես նաև 10-րդ և 8-րդ մանկապարտեզներն այս տարի կգործեն նաև ձմռան ամիսներին:

Ամփոփելով իրականացված աշխատանքները` Դավիթ Խուդաթյանը նշել է, որ կառուցվել է Շառլ Ազնավուրի անվան հուշարձան-պուրակը, Հանրապետության փողոցի 4 խաչմերուկում տեղադրվել են ժամանակակից լուսաֆորներ, քաղաքի տարբեր հատվածներում էլ տեղադրվել է 80 նոր աղբաման:

Ողջունելով հաշվետվողականության մշակույթի ձևավորումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այն հնարավորություն է տալիս լինել մաքսիմալ թափանցիկ և որոշումները կայացնել թիմային քննարկման արդյունքում:

Անդրադառնալով պետության աջակցությամբ և մարզպետարանի հետ համագործակցությամբ Արմավիր քաղաքում իրականացված և նախատեսվող հիմնական ծրագրերին` Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում, այդ թվում` Արմավիր և Մեծամոր քաղաքներում և հինգ գյուղական համայնքում պետական բյուջեի միջոցներով նախատեսվող ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիրը, մարզպետարանի աջակցությամբ Արմավիր քաղաքի փողոցներում և բակերում մանրացված ասֆալտով իրականացված հարթեցման աշխատանքները:

Ապա ներկայացնելով Արմավիրի մարզի զարգացման իր տեսլականը` մարզպետն ընդգծել է, որ այն ուղղակիորեն կապված է ենթակառուցվածքների զարգացման հետ: «Եթե մենք հիմա հնարավորություն չունենք նոր Զվարթնոց կամ նոր Սարդարապատ կերտելու, ապա պիտի ամեն ինչ անենք այն հնարավորինս հասանելի դարձնելու զբոսաշրջիկներին, ինչու ոչ՝ նաև տեղացիներին»,- այդ առումով կարևորելով ճանապարհների բարեկարգման հետ կապված ծրագրերը և մատնանշելով հաշվետու տարում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը:

Մարզպետն իր խոսքում շեշտել է, որ այժմ գերնպատակ է հանդիսանում պաշտոնավարման մեկ շրջանում` առավելագույնը հինգ տարում, մարզում լուծել կենսական նշանակության խնդիրները, որպեսզի հաջորդ պաշտոնյաները մտածեն միայն մարզը զարգացնելու մասին: Իսկ դրա համար, ըստ նրա, կան բոլոր նախադրյալները, քանի որ միայն 2019 թվականին Արմավիրի մարզում իրականացվել է 209 ծրագիր` հիմնականում պետական աջակցությամբ:

Ամփոփելով իր խոսքը` մարզպետը բարձր է գնահատել Արմավիրի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որը, ըստ նրա, արդեն առարկայական արդյունք ունի և կգերազանցվի 2020 թվականին: Կարևորելով ավագանու դերակատարումը`նա խնդրանք-հորդորով դիմել է ավագանու անդամներին՝ իրենց լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերելու ներքաղաքային խնդիրների լուծման հարցում: Գալիք տարվա համար էլ բոլորին մաղթել է ուժ, կարողություն` առկա խնդիրները ողջամիտ ժամկետում լուծելու համար:
Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստն ավարտվել է մարզպետ-ավագանու անդամներ հարց ու պատասխանով, իսկ նիստի օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են և ընդունվել  համապատասխան որոշումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-03 17:48:40